ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Փաշինյանն այլ ելք չունի, քան վերադառնալը Տեր-Պետրոսյանի առաջարկած ֆորմատին». Լևոն Զուրաբյան
22:55, 10.12.2019 | mamul.am
7882 | 0

ՀՀ իշխանություններն առայժմ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տեսլական չեն ներկայացրել»,- 168 TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը հեղափոխությունից հետո բովանդակային քննարկումների մեջ չի մտել և դրա համար ունեցել է նաև որոշակի հիմքեր. «Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձևաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձևավորվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ:

Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանին հեշտ չտրվեց այդ ձևաչափը ձևավորելը, որովհետև 1992 թվականին, երբ ԵԱՀԿ-ն սկսեց այդ խնդրին անդրադառնալ, դեռ ոչ ոք Ղարաբաղը չէր ճանաչում՝ որպես հակամարտության կողմ, և բանակցությունները գնում էին Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, բայց երկարատև դիվանագիտական աշխատանքից և ռազմական հաջողություններից հետո 1994 թվականին հաջողվեց հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվեց որպես ինքնուրույն բանակցող և հակամարտության կողմ ԵԱՀԿ-ի հայտնի գագաթաժողովի ժամանակ, ինչը ես համարում եմ մեր ամենամեծ նվաճումը, քանի որ դրա շնորհիվ Լեռնային Ղարաբաղը մեկ քայլ առաջ արեց դեպի իր անկախության միջազգային ճանաչում:

Ցավոք սրտի, գիտեք, որ այդ նվաճումը վիժեցվեց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից, իրենք օգտագործեցին իրենց ղարաբաղցի լինելու դիրքը: Կոպիտ ասած, իրենց մեսիջը միջազգային հանրությանը եղել է հետևյալը՝ այդ խաղը, որ խաղում էր Տեր-Պետրոսյանը, որ ինքը ներկայացնում է Հայաստանը, մենք ներկայացնում ենք Ղարաբաղը, դա ընդամենը դիվանագիտական խաղ էր, լուծել կարող ենք միայն մենք՝ ղարաբաղցիներս, բայց դրա համար պետք է ունենանք իշխանություն Հայաստանում և այդ դեպքում կկարողանանք ներկայացնել միաժամանակ Ղարաբաղի տեսակետը: Իհարկե, շատ երկար ժամանակ նրանց հաջողվեց միջազգային հանրությանը նման դիվանագիտական խաղով խաբել»,- ասել է Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այլ ելք չունի, քան վերադառնալը Տեր-Պետրոսյանի առաջարկած ֆորմատին, և դրա համար ունի լուրջ հիմքեր:

Եթերի ընթացքում նա նշել է, որ այդ պատրվակով Նիկոլ Փաշինյանը կարողանում է բովանդակային բանակցությունների մեջ չմտնել, սակայն դա չի կարող երկար շարունակվել, որովհետև, ի վերջո, բանակցությունները պետք է առաջ գնան, և բանակցությունների գործընթացի դադարեցման մեջ ոչ ոք շահագրգռված չէ, և բանակցությունները չեն կարող լինել միայն վստահության կառուցման միջոցների մասին, քանի որ դա ունի ժամանակային սահմանափակում:

«Արդյոք ՀՀ իշխանություններն ունե՞ն տեսլական, բազմիցս ասել եմ, որ առայժմ որևէ տեսլական չեն ներկայացրել: Այն հայտարարությունը, որը հրապարակվեց Զոհրաբ Մնացականյանի կողմից, ոչ թե տեսլականն էր, այլ ավելի շատ՝ կարմիր գծերի թվարկում, որ սրանից ցածր չենք իջնի, բայց թե կոնկրետ ինչպես են պատկերացնում լուծումը, դրա մասին Հայաստանը դեռ չի ներկայացրել իր տեսլականը»,- ընդգծել է Զուրաբյանը:

ՀԱԿ փոխնախագահի դիտարկմամբ՝ ամենամեծ սխալը, որը կարող է անել իշխանությունը, ԼՂ հակամարտության բանակցությունների ժամանակ տեսլական չներկայացնելն է, որովհետև, նրա պնդմամբ՝ ավելի լավ է, որ դա լինի անգամ մաքսիմալիստական, չընդունվող հակառակ կողմի կամ միջնորդների կողմից, բայց այն լինի, որ տեսնեն՝ ինչի ես ձգտում, ինչ ես ուզում ստանալ, կարող է և չստանաս:

Մանրամասները` տեսանյութում:

Լևոն Զուրաբյան` Ղարաբաղյան հակամարտութան ներկայիս վիճակի մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր