ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Վանեցյանը դրա վառ վկայությունն է, իսկ Օսիպյանը` չստացված զոհը». Արսեն Խառատյան
04:15, 13.12.2019 | mamul.am
6788 | 0

Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գաղտնալսում. ինչո՞ւ և ինչի՞ն ենք կասկածում. հեռախոսային գաղտնալսում իրականացնելու գործառույթն ԱԱԾ-ից ոստիկանության սուվերեն տիրույթ փոխանցելու մասին նոր օրինագիծը հանրային քննադատությունների տեղիք է տվել: Օրենքին դեմ հանդես եկող քաղաքացիները երկու հիմնական թեզ են առաջ քաշում`

1. Ընդհանրապես վերանայել գաղտնալսել երևույթը Հայաստանում

2. Չենք վստահում ո՛չ ոստիկանությանը, ո՛չ ԱԱԾ-ին:

Օրենքի նախագիծը պաշտպանող ԱԺ գործընկերներն իրենց հերթին երկու հիմնական փաստարկ են բերում`

1. Այս կերպ նվազեցնում ենք ԱԱԾ-ի մոնոպոլիան և որոշակի հակակշիռ ձևավորում

2. Վստահեցնում են, թե սա կիրառվելու է դատարանի վճռով, բացառապես հանցագործությունների մեջ կասկածվող անձանց պարագայում:

Ես ինձ դասում եմ օրենքի դեմ հանդես եկողների շարքին, նշեմ միայն, որ ոչ թե ընդհանրապես գաղտնալսմանը, կամ կոնկրետ օրենքի բովանդակությանն եմ դեմ, այլև դրա ընդունման ժամանակահատվածին: Ինչո՞ւ, որովհետև ինչպես մեր քաղաքացիների 90%-ը, չեմ վստահում ո՛չ ոստիկանությանը, ո՛չ ԱԱԾ-ին, ո՛չ էլ գործող դատարաններին: ԱԺ-ի իմ շատ սիրելի ընկեր/գործընկերներին կոչ եմ անում նախ նշված կառույցների ֆունդամենտալ բարեփոխումներին ձեռնամուխ լինել: Այոʹ, հասնել նրան, որ պատգամավորներից սկսած բոլորս, նախ իրապես սկսենք հավատալ ու վստահել հանրային անվտանգությունն ապահովելուն կոչված ինստիտուտներին, նոր դրանց լիազորությունների ընդլայնման կամ սահմանափակման մասին խոսենք:

Ելնելով միջազգային փորձից` վստահաբար կարող ենք ասել, որ կան ոլորտներ, որտեղ ֆունդամենտալ բարեփոխումն սկսվում է մարդկանցից, դեմքերից, որոշում կայացնողների փոփոխությունից: Անցած մեկուկես տարին ավելի քան ակնհայտ պետք է դարձրած լիներ, որ կան գերատեսչություններ, որտեղ նոր իրավիճակում անգամ մարդիկ չեն փոխվում, նրանց և այդ կառույցների նկատմամբ էլ հանրային կասկածները է՛լ ավելի են խորանում: Վանեցյանը դրա վառ վկայությունն է, իսկ Օսիպյանը` չստացված զոհը: Ավելի հստակեցնեմ. հնարավոր չէ համոզել քաղաքացուն, որ իր թաղայինը, օպերը, ոստիկանապետը, որը տասնամյակներ շարունակ գործ է սարքել իր գլխին, խոշտանգել իր հարևանին, գաղտնալսածով շանտաժի ենթարկել, հիմա փոխվել է, բարիացել, դարձել իրական օրինապահ ու սիրալիր ոստիկան, կամ ԱԱԾ-ական: Ավելորդ է խոսել այն մասին, թե որքան ավելի խորն է լինում հիասթափությունն ու կասկածները, երբ նշված մարդկանցից ոմանք պաշտոնի առաջխաղացում են ունենում:

Ինչ խոսք հասկանալի է, որ մեծամասնություն ունեցող քաղաքական որևէ ուժ, մտավախություն է ունենալու որևէ բյուջետային հիմնարկում մեծածավալ կրճատումներ իրականացնել: Ակնհայտ է, որ նման որոշումը հղի է լինելու սոցիալական հետևանքներով: Աներկբա է, սակայն, որ կան ոլորտներ, որտեղ պարզապես անհնար է լինելու իրական փոփոխությունների հասնել` առանց վիրահատական միջամտության:

Այս ուղղությամբ որոշումների ուշացումը հղի է լուրջ ու խորը վտանգներով, երբ գործող մարդկանց ու համակարգի պայմաններում կառույցի լիազորությունների ավելացումը` հին Հայաստանի ապօրինի գործողություններն օրինականացնել է նշանակելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր