ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Այդպիսի սցենարի դեպքում կհամարեմ, որ Հայաստանի ժողովուրդը պարտություն է կրել». Նորայր Նորիկյան
03:20, 13.12.2019 | mamul.am
6775 | 0

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախորդ քաղաքական ռեժիմների հավակնություններն սպառնալիք են Հայաստանի ապագայի համար։ Ուշադրությամբ ընթերցեցի Ռոբերտ Քոչարյանի՝ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցը, որի ուշագրավ ուղերձներից մեկն այն է, որ նա շատ բարձր է համարում հավանականությունը, որ մյուս տարի տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություներ։ Հետաքրքիր զուգադիպությամբ արտահերթ խորհդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին խոսում է նաև հեռացված քաղաքական իշխանության կարևոր դեմքերից մեկը՝ Արմեն Աշոտյանը։
Ակնհայտ է, որ այս ուժերը փորձ են անում 2020-ին ձևավորել քաղաքական օրակարգ՝ «Արտահերթ ընտրություններ» անվանմամբ՝ նպատակ ունենալով վերադառնալ քաղաքական լուսանցքից այս կողմ։
Թե քաղաքական ի՞նչ հաշվարկների հիման վրա են այս մարդիկ այսպիսի կանխատեսումներ անում, այլ հարց է, բայց ինձ իսկապես զարմացնում է այդ գործընթացում նրանց հաջողության հասնելու լավատեսությունը։
Իսկ ո՞վ է ասել, որ գործող քաղաքական իշխանության ձախողման դեպքում հասարակությունը վերադառնալու է դարձ ի շրջանս յուր՝ վերադարձի ծափեր տալով հեռացված քաղաքական ռեժիմներին։
Ինչ-ինչ, բոլոր դեպքերում չպետք է կորցնել քաղաքական իրատեսությունը։
Այս իրողությունների պայմաններում այդպիսի սցենարի իրագործումը կարող է ձեռնտու լինել բացառապես գործող քաղաքական իշխանությանը՝ հետևյալ պարզ պատճառաբանությամբ․ հանրային կյանքի այս տրամադրությունների ֆոնին ուղղակի բացառում եմ, որ մեր հասարակությունը որևէ պայմաններում այնպիսի վստահության քվե տա Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ անմիջական կամ անուղղակի կապ ունեցող որևէ քաղաքական ուժի, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան ձևավորելու քաղաքական մեծամասնություն, իսկ ներկայումս օբյեկտիվորեն իրական քաղաքական այլընտրանքի բացակայության պայմաններում որևէ այլ բան չի մնա, քան այն, որ գործող քաղաքական մեծամասնությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում կրկին հնարավորություն կստանա ձևավորելու քաղաքական մեծամասնություն։
Վրաստանի նախկին նախագահ Մ․ Սաակաշվիլին, ով 2003թ․ իշխանության եկավ վարդերի հեղափոխության արդյունքում, իր նախագահության առաջին ժամկետից շուտ՝ 2007թ․ նոյեմբեր ամսին հրաժարական ներկայացրեց, և 2008թ․ հունվարին շռնդալից հաղթանակ տարավ արտահերթ նախագահական ընտրություններում՝ վերջնականապես քաղաքական աղբանոց ուղարկելով այդ երկրի մի շարք հայտնի քաղաքական ուժերի ու ֆիգուրների։
Սրանով հանդերձ հարկ է արձանագրել, որ, այնուամենայնիվ, այսպիսի հավակնությունը նախորդ քաղաքական ռեժիմների կողմից ուղղակի սպառնալիք ու մարտահրավեր է Հայաստանի ապագայի համար։
Որևէ ձևով չպետք է թույլ տալ, որ Հայաստանի առջիկա տարիների քաղաքական օրակարգի ձևավորմանը մասնակից դառնան հասարակության կողմից քաղաքական դաշտից դուրս մղված քաղաքական ուժերն ու դեմքերը։ Այդպիսի սցենարի դեպքում ինքս կհամարեմ, որ պարտություն է կրել ոչ թե գործող քաղաքական իշխանությունը, այլ Հայաստանի ժողովուրդը։
Ուրեմն չի՛ կարելի թույլ տալ, որ որևէ քաղաքական ուժ կամ անհատ հաղթի Հայաստանի ժողովորդին։ Իսկապես որ հասունանում է քաղաքական իրական այլընտրանք ձևավորելու և առաջիկա տարիներին քաղաքական օրակարգ ձևավորելու ժամանակը, որտեղ չեն լինի Հայաստանն ապականած և նրա զարգացումը խաթարած որևէ քաղաքական ուժ կամ անհատ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր