ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պարոն Քադիրովի ընկեր, Դուք ո՞վ եք, որ կարողանաք կռահել, թե ովքեր են վտանգում պետության անվտանգությունը». Լևոն Բարսեղյան
23:40, 13.12.2019 | mamul.am
8080 | 0

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քադիրովի մոտիկ ընկերը որոշել է մի առանձին ԱԱԾ դառնալ, կամ՝ «Կադիրովի ընկեր ՀՀ ԱԱԾ»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «Ժողովուրդ» օրաթերթի խնդրանքով մեկնաբանել է որոշ հասարակական գործիչների կողմից ԱԱԾ-ի ուղղությամբ վերջին օրերին ուժեղացած հարձակումները: Արթուր Վանեցյանը նշել է, որ եթե ԱԱԾ-ն սահմանափակված է պաշտոնեական էթիկայով, չի նշանակում, որ ում մտքով ինչ դատարկաբանություն անցնի, պետք է հրապարակավ հնչեցնի սպաների հասցեին: «ԱԱԾ գործող սպաները այսօր սահմանափակված են պաշտոնեական էթիկայով, ես՝ այլևս ոչ: Ասել եմ, նորից կրկնում եմ՝ անկախ իմ կարգավիճակից, մշտապես լինելու եմ ծառայակից ընկերներիս կողքին։ Երբեք թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, արտաքին օրակարգեր սպասարկող անձինք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությանը։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր հասարակությունը զերծ մնա նրանց վտանգավոր քարոզչության ազդեցությունից։ Սա մեր տունն է, մեր հայրենիքն է»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։ Մեր այն հարցին՝ ինչպես է գնահատում ԱԱԾ ներկայիս գործունեությունը, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է պատվով լուծել իր առջև դրված խնդիրները։ Չնայած ներքին և արտաքին վայրիվերումներին՝ ԱԱԾ-ն այսօր էլ այն կառույցն է, որն իր ուսերին է կրում հայկական պետությունների և ողջ ժողովրդի անվտանգությունն ապահովելու չափազանց ծանր ու պատասխանատու բեռը։ Այնտեղ ծառայում են լավագույնները, ովքեր անձնուրաց ու պատվով դիմակայում են բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերներին»»։ (մեջբերման ավարտը):

Մի առանձին պատմություն է, թե ինչու են մի քանի ԶԼՄ-ներ, որոնք դեռ պրոպագանդայի գործիքների շարքը չեն անցել, որոշել ձախողված գեներալին օրակարգում պահել, դրանով օրակարգ ձևավորել, թե բա՝ երկիրը քանդում են, ու էս մարդը հերոսաբար պայքարելու է քանդելու դեմ: Նորից նույն հարցն է առաջ գալիս, թե ինչու գեներալ Վանեցյանը, որ երկար տարիներ աշխատել է ԱԱԾ համակարգում, որևէ բան չի ձեռնարկել «երկիրը քանդողների», «լրտեսների», և «պետականության հիմքերը խարխլողների դեմ», գուցե ձեռնարկել է, բայց հաջողության չի հասել, սերժիկի բարեգութ և շինարար ռեժիմը, այնուամենայնիվ, տապալվել է:

Իր և ԱԱԾ մյուս սպաների, ներկա և նախկին աածականների (թե ասա նախկինը որն է) ինչ ասվել է, հիմնավոր է ասվել, ինքը այն մարդը չէ, որին պիտի բացատրություն տանք մենք, ովքեր տարիներ շարունակ պահանջել ենք պետության ու պետականության դեմ գործված հանցագործությունների մասին այդ համակարգի անգործության վերացումը: Կրկին, ո՞վ պիտի բացահայտեր բոլոր ընտրությունների կեղծարարարությունների մեխանիզմը և հանցագործներին, ո՞վ պիտի բացահայտեր մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի հանցագործությունները, Հայաստանից 10 մլրդ դոլարի ապօրինի արտահանումը, ստվերը, մենաշնորհների կառուցումը, հանքային հարստությունների թալանը և յուրացումը: Չէ դրա փոխարեն, հարմար տեղավորվել էին սերժիկի տակ ու գաղտնալսում էին հասարակական գործիչներին և փորձում էին հավաքագրել իրենց շարքերը շատերին:

ՈՒշադրություն դարձրեք, որ մարդը չի հանդարտվում պաշտոնանկությունից հետո, Քադիրովի արժեհամակարգի հետ ախպերություն է ցուցադրում ու խոսում է ԱԱԾ մասին, ասես ինքը դեռ իրեն դրա ներկայացուցիչն ու ղեկավարն է համարում, դե իհարկե նախկին աածական չի լինում: Տեսեք. «...ես թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, արտաքին օրակարգեր սպասարկող անձինք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությանը»:

Ներողություն, պարոն Քադիրովի ընկեր, Դուք ո՞վ եք, որ կարողանաք որակյալ դատողություններ անել իրավապաշտպանների ինչպիսին լինելու մասին, որ կարողանաք որոշել, թե ովքեր են արտաքին օրակարգեր սպասարկող անձինք, որ հասկանաք, թե ով է ցանցեր հյուսում պետականության դեմ, որ կարողանաք կռահել, թե ովքեր և ինչպես են վտանգում պետության անվտանգությունը: Կարողանայիք, պաշտոնավարելիս կբացահայտեիք, թե՞ բացահայտել եք ու թույլ չեն տվել շարունակել պայքարել, հայտարարե՛ք այդ մասին, մի հապաղեք, ոչ թե կցկտուր ու խորհրդավոր մտքեր արտահայտեք, իբր բան գիտեք ու հենց Ձեզ վրա է հենվում պետության անվտանգությունը, հանդարտվե՛ք, հաշտվե՛ք վերջապես պաշտոնի կորստի հետ, ներհայեցե՛ք մի քիչ, գտե՛ք Ձեր սխալները, ոչ թե նեղացածի կեցվածքով մտեք այնպիսի արանքներ, որտեղ չեք կարենալու ողջամիտ հիմնավորումներ տալ Ձեր մերկապարանոց մտքերի: Այդպես փորձառու էիք, գոնե կբացահայտեիք, թե ով և ինչպես է Ձեզ գաղտնալսել, գոնե էդ մի չնչին բանը, իսկ էն վերը թվարկածներս Ձեր կարողությունների կամ Ձեր հնարավոր ախպերության խելքի բանը չէ:

Ազգային Ժողովի իմ իմացած պատգամավորներին եմ դիմում. Դուք կաշկանդված չե՛ք կարծիք հայտնելու գործում: Վերջապես ունե՞ք կարծիք քաղհասարակության դեմ Վանեցյանի և ԱԱԾ հարձակումների մասին, համարձակվելո՞ւ եք արտահայտվել, ասել ձեր անհատական կամ հավաքական կարծիքը, թե ինչու պիտի հեղափոխությունից 20 ամիս անց ԱԱԾ-ն՝ բանուգործը թողած, ու իր կադրերն այսպես ցինիկ սպառնալիքներ տեղան հասարակական գործիչների հասցեին, նենգափոխեն իրողությունները: Թե՞ լռելու եք էլի: Եթե համեմիտ եք իրենց հետ, դա էլ է դիրքորոշում, արտահայտվեք իմանանք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր