ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին
23:05, 13.12.2019 | mamul.am
4030 | 0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել ԱՄՆ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ ՄըքՔոնելին, Սենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերին, սենատորներ Ռոբ Մենենդեսին և Թեդ Քրուզին՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման կապակցությամբ։

«Ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել ձեզ և ԱՄՆ Սենատի անդամներին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի միաձայն ընդունման համար, որը հզոր քայլ է՝ ուղղված ապագա ոճրագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը:

Սենատի որոշումը նշանակալի քայլ է վերահաստատելու, որ ճշմարտությունը, արդարությունը և մարդկությունը մնում են մարդու հիմնարար իրավունքների հիմնասյուներն ու արժեքները:

Այս առումով ես բարձր եմ գնահատում ԱՄՆ Սենատի որոշումը և, օգտվելով առիթից, կցանկանայի ձեզ և ամերիկացի ժողովրդին փոխանցել հայ ժողովրդի խորին երախտագիտությունն ու հարգանքը:

Համոզված եմ, որ մենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական երկխոսությունը, ակտիվացնենք երկկողմ հարաբերությունները և ամրապնդենք մեր գործընկերությունն ու համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում»,- ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր