ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովը հայտարարություն է ներկայացրել, որում մասնավորապես, ասված է. «ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020-ի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց առաջիկա համապետական ընտրություններում ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը հիմնել հետևյալ դրույթների վրա. -Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ապահովել ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործումը, -Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը, -սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը, -կոռուպցիայի և հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը, -զսպումների և հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը, -վերաբնակեցման համակարգված, լայնածավալ և հետևողական իրականացումը, -«Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործումը: Նախընտրական ծրագրի վերոնշյալ դրույթների իրականացման և այս առաջնահերթությունների շուրջ հանրության համախմբման նպատակով Ժողովը որոշեց Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին: Խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով»: |