Արևմտյան Իրաքում գտնվող «Այն ալ-Ասադ» ռազմակայանի ամերիկյան զորքերը, որոնք հունվարի 8-ի առավոտյան փրկվել են Իրանի կողմից արձակված հրթիռային հարվածներից, լրագրողներին պատմել են հարձակման մանրամասները: «Հրաշք է, որ ոչ ոք չի տուժել»,- հայտարարել է փոխգնդապետ Ստեյսի Քոլմանը, մեջբերում է Reuters-ը: Ըստ նրա, երեկոյան ժամը տասի սահմաններում ամբողջ անձնակազմը թաքնվել է հատուկ ապաստարաններում: «Մարդիկ շատ լուրջ էին վերաբերվում այս ամենին»,- հավելել է փոխգնդապետը: Հրթիռային հարձակումը տևել է մոտ երկու ժամ: Սերժանտ Արմանդո Մարտինեսը, ով այնուհետև ուսումնասիրել է տարածքը, նշել է. «Հրթիռային հարվածը մի բան է, բայց բալիստիկ հրթիռը սարսափելի է»,- հավելել է նա: «Դուք տեսնում եք սպիտակ լույս՝ ընկնող աստղի պես, և մի քանի վայրկյան անց այն վայրէջք է կատարում և պայթում»,- պատմել է Մարտինեսը: Մեկ այլ զինվորական՝ սերժանտ Քենեթ Գուդվինը պատմել է, որ ընդհանուր առմամբ նրանք առնվազն հինգ ժամ են անցկացրել ապաստարաններում: |