ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Գեորգի Կուտոյանը 38 տարեկան էր. ԱԱԾ տնօրեն էր 2016-ի փետրվարից մինչև 2018-ի մայիսը
15:45, 17.01.2020 | mamul.am
13979 | 0

Գեորգի Կուտոյանը ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2016-ի փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Գեորգի Կարենի Կուտոյան (կենսագրական տվյալներ)

Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 30-ին Երևանում:

2002թ. գերազանցությամբ ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիան Հայաստանի Հանրապետության ազգային իրավական համակարգում (սահմանադրաիրավական հետազոտություն)» թեմայով և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան):

2002-2010թթ. դասավանդել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում:

2005-2006թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում, նախ՝ որպես գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, ապա՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ:

2006-2007թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական, իսկ 2008-2010թթ.՝ որպես Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու:

2008թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր, 2010-2011թթ. զբաղվել է մասնավոր փաստաբանական գործունեությամբ:

2011-2016թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնը:

2011-2014թթ. եղել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2013թ. ապրիլի 17-ի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:

2016թ. փետրվարի 3-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ։
2016թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

2016թ. փետրվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
2018թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական էր:

Ամուսնացած էր, ուներ մեկ որդի:

Արդեն հայտնել էինք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Ըստ ՀՔԾ-ի՝ Կուտոյանը քննվող գործերով դատավարական որևէ կարգավիճակ չի ունեցել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր