ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Բալերի վաճառքը չափելի և վերահսկելի է». Սերգեյ Ղահրամանյան
11:05, 20.01.2020 | mamul.am
11358 | 0

Հունվարի 1-ից բալային համակարգի ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ եկավ բիզնեսի նոր տեսակ՝ բալերի վաճառք: Այս օրերին համացանցում հանդիպում ենք հայտարարությունների, որոնց հեղինակները 1 բալը վաճառում են օրինակ 70-75 հազար դրամով: Որքանո՞վ է սա օրինական, ՀՀ ոստիկանությունը որպես կարգավորող մարմին այստեղ անելիք չունի՞:

Այս հարցերի շուրջ MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ, «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի հետ:

Ս. Ղահրամանյանն ասաց, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ վարորոդները դիմում են բալեր վաճառելու հնարամտությանը, այսինքն՝ իրենք մեքենա ունեն, սակայն այն չեն վարում, իսկ իրենց տրամադրված միավորները վաճառքի են հանում: Դա անակնկալ չի եղել կառավարության ու ոստիկանության համար: Այդ մասին խոսվել է դեռևս 2019թ. մարտի 16-ի կառավարության նիստում, երբ առաջին անգամ բալային քննարկման էր դրվել համակարգը: Այն ժամանակ դա օրենսդրական բաց չի համարվել: Փորձագետներն էլ նկատել են, որ բալերի վաճառքը չափելի և վերահսկելի է:

«Այդ ամենը, այսպես ասած, ինքնակիրառվելու եղանակով դուրս է գալու, որովհետև եթե միավորները սպառվեն, հաջորդ տարի վարորդական իրավունքից զրկում է տեղի ունենալու: Հետևաբար, մարդիկ, ովքեր նման գործողությունների կդիմեն, կզրկվեն նաև վարորդական իրավունքից: Եթե իրենք պատրաստ են դրան, թող գնան այդ քայլին»,- ասաց Ս. Ղահրամանյանը:

Ըստ նրա՝ այստեղ կա ևս մի խոչընդոտ, որը կստիպի բալեր չվաճառել. դա պետական պաշտոնական մարմնին կեղծ տեղեկության տրամադրումն է: Նախկինում եղել են դեպքեր, երբ քաղաքացիները ոստիկանությանը կեղծ տեղեկատվություն են տրամադրել, և այդ դեպքերի առիթով քրեական գործեր են հարուցվել:

«ՀՀ-ում քիչ են այն մարդիկ, ովքեր մեքենա ունեն, սակայն իրենք չեն վարում: Համացանցում էլ առկա հայտարարությունները մեծ մասամբ ֆեյքային են: Նման դեպքերը հատուկենտ կարող են լինել»,- նշեց հասարակական խորհրդի անդամը:

Այս համատեքստում նա զուգահեռ անցկացրեց ԱՊՊԱ համակարգի հետ: «Այն ժամանակ այսպես ասած՝ մեկը մյուսի վթարն իր վրա վերցնելու պրակտիկան էր կիրառվում, սակայն հետո երբ ներդրվեց խրախուսման բոնուս-մալուս համակարգը, վերջ դրվեց դրան: Երբ բալային համակարգում էլ կիրառվի խրախուսման մեթոդը, բալերի վաճառք ասվածը կվերանա»,- նշեց ոստիկանապետին կից հասարակական խորհրդի անդամը:

Հարցին, թե ե՞րբ է խրախուսման ինստիտուտը կիրառվելու, Ս. Ղահարմանյանն ասաց, որ դրա համար դեռ որոշակի ժամանակ կպահանջվի:

«Օրինակ՝ բոնուս-մալուս խրախուսման եղանակը մտցվեց ԱՊՊԱ-ի համակարգը ներդնելուց 2-3 տարի անց: Բալային համակարգը նոր է ներդրվել: Գուցե 1-2 կամ 3-4 տարի հետո մտածեն դրա մասին: Ամեն դեպքում՝ ոստիկանությունն ու կառավարւթյունը դեմ չեն խրախուսմանը: «Օրինակ՝ Ճապոնիայում կիրառվող բալային համակարգը նախատեսել է խրախուսման այն ձևը, որ վարորդական իրավունքի տրամադրումն արվում է ոչ թե 1 օրվա, այլ 1 ժամվա ընթացքում»,- ամփոփեց Ս. Ղահրամանյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր