ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Պարգևավճարները չեն կարող փոխարինել կոնկրետ կոռուպցիայի բացառման համար նախատեսված գործիքակազմի». փաստաբան
20:25, 21.01.2020 | mamul.am
3211 | 1

Պետական պաշտոնատար անձանց պարգևատրումների թեման հասարակական հնչեղությունը չի կորցրել: Պարգևատրումների չափերը, դրանց պարբերականությունը շարունակում են կրքեր բորբոքել: MAMUL.am-ի թղթակցի՝ թեմային անդրադարձն օրենսդրության համատեքստում է: Գերատեսչությունները տարբեր պարբերականությամբ են տրամադրել ու տրամադրում պարգևավճարները: Օրինակ՝ որոշ մարզպետարաններ պարգևատրումներ են կատարել կիսամյակի, որոշները՝ ամսվա, իսկ Երևանի քաղաքապետարանը՝ եռամսյակի կտրվածքով: Ուստի՝ հարց է ծագում. օրենսդրությունը չի՞ սահմանել պարգևատրումների տրամադրման կոնկրետ պարբերականություն, այս գործընթացն իր հիմքում չունի՞ սուբյեկտիվիզմի տարրեր: Այս և հարակից այլ հարցերի շուրջ են «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության փաստաբան Սերգեյ Գրիգորյանի պարզաբանումները:
Նա նշեց, որ պաշտոնյաներին պարգևատրումների տրամադրումը կարգավորվում է «Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով: Դրա համաձայն՝ պարգևատրումները հաշվարկվում են կիսամյակային հաշվետվության հիման վրա: Առաջին կիսամյակի համար տրվում է մինչև հուլիսի 30-ը, իսկ երկրորդ կիսամյակի համար՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 10-ը: Պարգևատրումներ կարող են սահմանվել նաև կատարողականի հիման վրա, որը կարգավորվում է ՀՀ կառավարության 2011 թվականի 1510-Ն որոշմամբ: Այնտեղ սահմանված է 2 անգամ պարբերականությամբ վճարում՝ 1-ին կիսամյակի համար մինչև հուլիսի 10-ը, իսկ 2-րդ կիսամյակի համար՝ մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը: Վերոնշյալ որոշմամբ սահմանվել են նաև կատարողականի գնահատման ձևերը:

««Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում մի դրույթ էլ կա, որն ասում է, որ աշխատավարձի ֆոնդի դեռևս չսպառված միջոցների հաշվին կարող է տրամադրվել պարգևավճար՝ տարեկան ոչ ավելի, քան 3 անգամ: Սակայն այս դրույթը փոփոխությամբ վերացվելու է, որն ուժի մեջ է մտնելու մինչև փետրվարի 1-ը»,- նկատեց Ս.Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ պարգևատրումները չեն կարող տրվել հենց այնպես՝ որպես աշխատավարձ: Դրանք օրենքով տրվում են որակյալ աշխատանքի, հատուկ առաջադրանքի կատարման համար:

«Այն պարգևատրումը, որը տրվում է ամեն ամիս, չի բխում ո՜չ օրենքից, ո՜չ էլ կառավարության որոշումից: Այստեղ լուրջ խնդիր կա. պարգևատրումը որպես ինստիտուտ օրենքի իմաստով չի կիրառվում»,- նշեց փաստաբանը:

Ս.Գրիգորյանին հարցրինք, թե սուբյեկտիվություն չկա՞ «կատարված աշխատանքի գնահատում» ասվածի մեջ: Երբեմն տվյալ գերատեսչության՝ օրենքով իր վրա դրված պարտականության կատարումը դիտարկվում է լավ կատարված աշխատանք: Հիշեցնենք, որ օրինակ՝ երևանցիների դժգոհությունը հարուցեց քաղաքապետարանի աշխատակիցների պարգևատրումն այն շրջանում, երբ քաղաքը սանմաքրման հարցի լուծման առումով լուրջ խնդրի առաջ էր կանգնել: Մայրաքաղաքաբնակներից շատերն ասում էին, թե «քաղաքն աղբի մեջ է, քաղաքային իշխանությունն ինքն իրեն պարգևատրում է: Փաստաբանը նշեց. «Գնահատման առումով այստեղ էլ խնդիր կա: «Համայնքային ծառայության մասին» օրենքը, որի վրա հղում է կատարվում պարգևատրումների ժամանակ, կրկին նախատեսում է պարգևատրման համար անհրաժեշտ հիմքերը՝ որակյալ աշխատանք, հատուկ առաջադրանք և երկարամյա աշխատանք: Բայց գնահատման առումով օրենսդրական բաց կա: Համենայն դեպս ես չեմ հանդիպի նման ակտ, որը կսահմանի որակի գնահատման չափանիշները: Այստեղ սուբյեկտիվիզմը կա: Որակյալ աշխատանքը գնահատվում է աշխատակազմի ղեկավարի զեկուցագրի հիման վրա: Հայեցողությունը շատ մեծ է: Օրենքnվ չի կարգավորվում նաև, թե քանի անգամ պետք է պարգևատրում լինի համայնքային ծառայողների դեպքում»,- պարզաբանեց Ս.Գրիգորյանը:

Փաստաբանին հարցրինք նաև, թե որքանո՞վ է իրավաչափ ու ընդունելի իշխանությունների այն փաստարկը, թե պաշտոնյաները պետք է պարգևավճար ստանան, որպեսզի «կոռուպցիայի մեջ չթափախվեն»:

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի փաստաբանի խոսքով՝ օրվա իշխանության տրամաբանությունն այն է, որ փորձում են լրացուցիչ աշխատավարձով ապահովել:

«Սակայն պարգևավճարի տրամադրման միակ նպատակը որակյալ աշխատանք ապահովելն է: Հետևապես՝ այն չի կարող փոխարինել կոնկրետ կոռուպցիայի բացառման համար նախատեսված գործիքակազմի: Սա լրիվ այլ ինստիտուտ է: Եթե կոռուպցիայի ռիսկ կա, պետք է աշխատավարձը բարձրացնել, ոչ թե պարգևատրում տալ»,- ամփոփեց Ս.Գրիգորյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր