ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հաշվետվություն Հանրային խորհրդի ընթացիկ գործերի վերաբերյա». Ստյոպա Սաֆարյան
00:10, 20.01.2020 | mamul.am
4530 | 1

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվետվություն Հանրային խորհրդի ընթացիկ գործերի վերաբերյալ, կամ Հրանտ Տեր-Աբրահամյանը, 1-ամյա պասիվությունից հետո, վերադառնում է Հանրային խորհուրդ. անցած օրերը հագեցած էին ոչ միայն իմ՝ Հանրային խորհրդին դիմած քաղաքացիների ու քաղաքացիական խմբերի հետ ինտենսիվ հանդիպումներով, այլ նաև շարունակվեցին աշխատանքային հանդիպումները Խորհրդի անդամների հետ։

Ինչպես հայտարարել եմ, այս փուլում առանձին-առանձին հանդիպում եմ բոլորի հետ, քննարկում ենք Հանրային խորհրդի ինստիտուցիոնալ կայացման, Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ մարմիններ-հանրություն առանցքներով այդ կապերն ամրապնդելու, անգամ կասեմ՝ չեղածից նոր կապեր ստեղծելու հարցերը։

Երեկ այդպիսի հանդիպումներ ունեցանք Խորհրդի նորանշանակ անդամ Դանիել Իոաննիսյանի, ապա Հրանտ Տէր-Աբրահամեանի հետ, ով մեկ տարի չէր մասնակցել ՀԽ աշխատանքներին, ու իմ և նրա ճանապարհները չէին հատվել, քանի որ ես այդ մարմնում նշանակվել էի, երբ Հրանտն այլևս դադարել էր գալ այնտեղ․․․

Ուրախ եմ հայտնել, որ Հրանտի հետ կարողացանք միմյանց շատ մեծ ուժ տալ, որովհետև Հրանտի պատկերացումները հանրային շահի վերհանման, հանրային խմբերի ու կառավարության միջև հարթակ դառնալու վերաբերյալ հենց այն տեղն է, որտեղ ինքն ինձանից ուժեղ է, ավելի շատ ասելիք ունի։ Չնայած օրվա հոգնածությանը՝ անչափ գոհ էի, որ ոչ միայն ես էի կարողացել համոզել Հրանտին վերադառնալ, այլև որ Հրանտն էր ինձ ուղղորդում, առաջնորդում գնալ այնտեղ, որտեղ ես ավելի քիչ եմ պատկերացնում, քան ինքը։

Դանիել Իոաննիսյանի հետ հրաշալի «ուղեղային գրոհ» ունեցանք կամ հայերեն ասած՝ խելք խելքի տվեցինք Կառավարության, ԱԺ, համայնքների հետ ՀԽ հաղորդակցության մեխանիզմներ ստեղծագործելով։ Դանիելն ավարտին մի բան ասեց՝ «Ստյոպա, այն տպավորություն է, որ Հանրային խորհուրդը վերածնվում է, մի՞թե այս ամենը նախկինում չի եղել․․․»: Ու դա այդպես է։ Նորարարական մոտեցումների ու գաղափարների մասին մեր գաղտնիքը դեռ կպահենք ու դրանք անակնկալ կլինեն հանրության համար։

Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արտաշես Խալաթյանին, ով նաև ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ է, խնդրել էի, որպեսզի ուսումնասիրի մի շարք երկրների Հանրային խորհուրդների փորձը։ Արտաշեսն առայժմ ավարտել է երեք երկրներինը՝ Ռուսաստան, Չինաստան, Բուլղարիա, ու մեզ բոլորիս զեկուցեց իր կատարած աշխատանքի մասին, որոնք առաջիկայում կդառնան օրենսդրական փոփոխությունների հիմք, կզեկուցվեն նաև Հանրային խորհրդում։

Հանդիպումներ են եղել նաև Հայաստանում ներդրումային ծրագրերի գաղարներ ունեցող մի շարք գործարարների հետ, ովքեր դիմել էին մեզ, մասնավորապես, արդյունաբերական կանեփի մասով (ինչպես գյուղատնտեսության ոլորտի վաղեմի ծանոթ փորձագետներց Հայկ Ղազարյանն ու գործարար հյուրերը ներկայացրեցին՝ այն թեպետ կանեփազգի բույս է, բայց թմրանյութ չէ, անպատկերացնելի մեծաթիվ կիրառության դաշտեր ունի ու բավական եկամտաբեր է ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, ԵՄ երկրներում, Իսրայելում, Չինաստանում)։ Իհարկե, սա մի բնագավառ է, որտեղ համալիր ու համապարփակ ուսումնասիրություններ են պետք, և մենք ընդամենը տեղեկացվեցինք գաղափարին։

Հուսամ՝ երկուշաբթի օրը կառավարության ներկայությամբ, ի վերջո, հանձնում-ընդունում կարվի գույքի և մենք գոնե մինչև մարտ կգործենք մեր նախկին տարածքում, մինչև Կառավարությունը նոր վայր կառաջարկի։ Այս պահին ստիպված ենք բոլոր հանդիպումները կազմակերպել իմ գրասենյակում։

Հաջորդ շաբաթ հանրությանը կներկայացվի նաև Հանրային խորհրդի նոր մամուլի խոսնակը, որի մասին այս պահին շատ բան չեմ ասի, բայց գանձ է․․․

Առաջիկա օրերին, ըստ իմ գործընկերների հարմարության, հանդիպումները և քննարկումները կշարունակվեն անխտիր բոլոր անդամների հետ։

Ցավոք, տեխնիկապես հետաձգվեց Արշակ Սադոյանի հետ հանդիպումը, որը նախատեսված էր անցած շաբաթ, բայց այն նույնպես կկայանա առաջիկա օրերին։

Աշխատում ենք ծանր ու հագեցած գրաֆիկով, հոգնում ենք շատ, հանդիպումները ձգվում են մինչև կեսգիշեր, բայց հաճելի է շենք, ինստիտուտ կառուցելը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր