Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանների և ցուցարարների միջև բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 220-ի: Այս մասին An-Nashra լրատվականին հաղորդել է Լիբանանի Կարմիր խաչի ներկայացուցիչը: Ըստ նրա` ավելի քան 80 ցուցարար տեղափոխվել է հիվանդանոց, մնացած 140-ին օգնություն է ցուցաբերվել տեղում: Ոստիկանական ուժերը ջրային թնդանոթներ և արցունքաբեր գազի նռնակներ են կիրառել ցուցարարների դեմ՝ Պլյաս Էտուալ շրջանում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը: Ցուցարարները փորձել են ներխուժել հրապարակ՝ օրենսդիր մարմնի լուծարումը պահանջելով, սակայն նրանց գործողությունները ձախողվել են։ Չհասնելով իրենց նպատակին՝ արմատականները սկսել են ջարդել գրասենյակների և խանութների պատուհանները, գովազդային վահանակները։ Արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել Սուրբ Գեորգի կաթոլիկ տաճարի մոտ, որը մարվել է հրշեջների կողմից: Լիբանանի բանակի անձնակազմը ուղարկվել է Բեյրութի կենտրոն՝ ոստիկանությանը օգնություն ցուցաբերելու համար։ Ցույցերի նոր ալիքը Բեյրությում սկսվել էր հունվարի 13-ին, երբ ցուցարարների առաջնորդները հայտարարել էին իշխանության վրա ճնշումն ուժեղացնելու համար քաղաքացիական անհնազանդության գործողությունների մեկնարկի մասին։ Լիբանանում ցույցերը սկսվել են երեք ամիս առաջ, որոնք հոկտեմբերի 29-ին հանգեցրեցին կոալիցիոն կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հրաժարականին։ |