Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 483.91, EUR 533.66, RUB 6.83, GBP 597.53
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հայտնի է Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքի ճակատագիրը
18:35, 20.01.2020

2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով, շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը, գրում է Ermenihaber.am-ը:

Սակայն վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես 5 աստղանի հյուրանոց:

Նշվում է, որ շենքի վերականգնման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել մի կազմակերպություն, որը 35 տարով որպես հյուրանոց շահագործելու իրավունք է ստացել:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` այս շենքում են հարցաքննվել և բռնաճնշումների ենթարկվել Հանրապետական Թուրքիայի քաղաքական կարկառուն ընդդիմադիր գործիչները, ինչպիսիք են 1960-70-ականների ձախակողմյան շարժման առաջնորդներից Դենիզ Գեզմիշը, թուրք գրող, երգիծաբան Ազիզ Նեսինը, թուրանական գործիչ համարվող Նիհալ Աթսըզը, կոմունիստ գրող Նազըմ Հիքմեթը, Վեդաթ Թյուրքալըն և ուրիշներ:

Հիշեցնենք, որ «Սանասարյանի հանը» կառուցվել է Ստամբուլում 1881թ. Էրզրումցի հայ վաճառական և բարերար Մկրտիչ Սանսարյանի կողմից: Շենքը նպատակ է ունեցել Էրզրումում բացված նույնանուն դպրոցի համար եկամուտ ապահովել:

Շենքի կառավարման իրավունքը հանձնվել է Սանասարյան հիմնադրամին, իսկ հիմնադրամի ղեկավարումը` Պոլսո հայոց պատրիարքին:Հանրապետական Թուրքիայի կողմից շենքի բռնազավթումից հետո 1930-ականների երկրորդ կեսին այն օգտագործվել է որպես Ստամբուլի ոստիկանության շենք, այնուհետև այստեղ է կենտրոնացել տնտեսական դատարանը:
2018թ. Ստամբուլի Սիրքեջի շրջանում գտնվող «Սանասարյան հանը» հայ համայնքին վերադարձնելու վերաբերյալ դատական որոշում էր կայացվել:

Դատական գործի առաջին փուլում Ստամբուլի թիվ 13 հիմնական դատարանը մերժել էր հայ համայնքին, ինչից հետո պատրիարքարանը դիմել էր վճռաբեկ դատարան ու շահել դատական գործը:

Հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով, սակայն, դատական որոշումը բեկանվել էր և կրկին այն պատկանում էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր