ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Պարզաբանում՝ անասնապահների և մսավաճառների բարձրաձայնած մի շարք հարցերի շուրջ
14:20, 21.01.2020 | mamul.am
7732 | 1

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտարարություն է տարածել.

. Այժմ գործում է 38 սպանդանոց, ևս 20-ը ներքին հարդարման փուլում են, իսկ 27-ը՝ նախագծման
. 3-ից ավել կենդանիների տեղափոխումը սպանդանոց կլինի անվճար

. Մորթի գինը՝ մինչև 10 հազար դրամ
Տևական ժամանակ է, ինչ մի խումբ անասնապահներ ու մսագործներ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ դեմ արտահայտվելով խոշոր և մանր եղջերավոր անասունների՝ սպանդանոցային պայմաններում մորթ կատարելու պարտադիր պայմանին։

Քաղաքացիների մի մասը կտրականապես հրաժարվում է օգտվել սպանդանոցների ծառայություններից՝ նախընտրելով սեփական տան բակում կազմակերպել մորթը։ Մյուս մասը, թեև ընդունում է սննդի անվտանգության բարձրացմանն ուղղված գործողությունները, սակայն բողոքում է սպանդանոցների սակավ քանակից և դրանց հեռավորությունից։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզաբանում է խնդրո առարկա հանդիսացող մի շարք հարցեր.
Նախ պետք է նշել, որ Կառավարության այս որոշումը նոր չէ. այն ընդունվել է դեռևս 2018-ի փետրվարի 15-ին։ Սակայն հաշվի առնելով գործող սպանդանոցների փոքր քանակը՝ ամբողջությամբ չէր կիրառվում։
Սննդի անվտանգության պետական ծառայությունից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ այժմ Հանրապետությունում գործում է 38 սպանդանոց, այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 15-ին, գործում էր 22-ը։ Ավելին, այս պահին ևս 20 սպանդանոց ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման։

Ինչ վերաբերում է մորթի արժեքին՝ ապա այն կազմում է 10 հազար դրամ՝ խոշոր, 3.500 դրամ՝ մանր եղջերավորի համար և 5000 դրամ՝ խոզի։ Կարևոր է նշել, որ 3 և ավելի կենդանի մորթելու պարագայում մինչև 30 կիլոմետր հեռավորությունից կենդանիների տեղափոխումը սպանդանոց անվճար է։ Տեղափոխումը կատարվում է սպանդանոցի հատուկ նախատեսված մեքենայով։ Արդեն մորթված միսը ֆերմերին ևս կվերադարձվի առանց հավելյալ գումարի։
Սպանդանոցներում հնարավոր հերթերի գոյացման հետ կապված ՍԱՊԾ-ից Տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնեցին, որ Հանրապետությունում գործող սպանդանոցներն ունեն օրական 30-ից 300 գլուխ կենդանու մորթ կազմակերպելու հնարավորություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր