ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Դա է պատճառը, որ պատժելու փոխարեն առևտուր են անում զոռբաների հետ ու սիրաշահում են նրանց». Վարուժան Ավետիսյան
08:45, 23.01.2020 | mamul.am
4921 | 1

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թե ինչու են ներկաները երբեմն անհարկի պոռթկում և ուժ կիրառելու մասին անպատեհ հայտարարություններ անում

Իշխանությունն ունի երկու փոխկապված բաղադրիչ՝ հեղինակություն և ուժ:

Երբ հեղինակությունը ցածր է կամ զրոյական, բայց կա ուժ, առաջանում է բռնապետություն: Երբ կա հեղինակություն, բայց ուժը բավարար չէ կամ զրոյական է, համապատասխանաբար առաջանում է վերահսկողության պակասուրդ և կառավարման խարխլում կամ իշխանության կորուստ:

Ներկաները դեռևս բավարար հեղինակություն ունեն, սակայն չունեն ուժ:

Երևույթը պայմանավորված է նրանց հոգեբանությամբ և մտածելակերպով:

Այս մարդիկ իրենց ամբողջ գիտակցական կյանքում (ոմանք՝ կյանքի ինչ որ փուլից սկսած) դիստանցվել են ուժից, բռնապետությանը բազմիցս երդում և երաշխիք են տվել, որ ուժից հեռու են, անգամ չեն դիմադրելու, եթե իրենց նկատմամբ ուժ կիրառվի, այլ մատաղացուի նման իրենց պարանոցը կհանձնեն բռնապետի կամքին:

Ավելին, նրանք մշտապես հավաստիացրել են, որ առհասարակ դեմ են նաև բռնությանը բռնությամբ պատասխանելուն, այդու՝ դեմ են նաև բռնությանը դիմադրողներին:

Այս փակուղու մեջ խորանալով անդառնալիության կետին հասնելուց ու վերասերվելուց հետո մի նոր բացասական որակ են ձեռք բերել՝ ինքնավախեցածության տենդի մեջ ընկելով, միացել են բռնապետությանը և հաճախ նրանից ավելի բարձր ձայնով քարկոծել են ուժին ուժով պատասխանող տեսակին:

Որպես վարձ՝ հիմնականում զերծ են մնացել բռնության ենթարկվելուց, երբեմն էլ, որպես պարգևավճար՝ հնազանդության ու համագործակցության դիմաց հանրային և քաղաքական փշրանքներ են ստացել բռնապետության սեղանից:

Եվ հիմա, երբ հանգամանքների բերմամբ հայտնվել են պետության ղեկին, հոգով ու մտքով մնացել են ուժի և բռնության դեմ նույն անզորն ու զիջողականը:

Կարևոր է նաև նկատի ունենալ, որ ժամանակի ընթացքում իրենց շուրջն են հավաքել պաթոլոգիկ կամազուրկների և վախկոտների՝ ամբողջանալով որպես իրենցից դուրս ուժ փնտրող և դրան ապավինող հարմավողական օրգանիզմ:

Դա է պատճառը, որ պատժելու փոխարեն առևտուր են անում զոռբաների հետ ու սիրաշահում են նրանց, իսկ ենիչերիական ոստիկանությանը, ԱԱԾ-ին և մյուս ուժայիններին միամտաբար փորձում են իրենցով անել:

Ուստի, երբ տեսնում են, որ իրենց այդպիսին լինելը շատ տեսանելի է դառնում, ինչի հետևանքով երևում է իրենց իշխանության խարխուլությունը, նյարդային վիճակի մեջ են ընկնում, կորցնում են ինքնատիրապետումը և սպառնալիքներ են տեղում:

Սակայն, քանի որ իրենց և ուժի միջև անհաղթահարելի պատնեշ կա, իրենք և ուժը անհամատեղելի են, այդ սպառնալիքներն արհեստական և նույնիսկ ծիծաղելի են հնչում:

Հետզհետե այս վիճակն էլ ավելի է սրվում, քանի որ իրենց համար հարմարավետության միջավայր ստեղծելու նպատակով փորձեցին ամբողջ ժողովրդի մեջ ուժի նկատմամբ ալերգիա առաջացնել, սակայն միայն կարճ ժամանակով հաջողեցին, քանի որ անբնական և անբանական էր իրենց արածը: Նորմալ մարդը գիտակցում և ճանաչում է իշխանության երկու՝ հեղինակության և ուժի բաղադրիչների ներդաշնակ ամբողջությունը:

Ասածս չի ենթադրում, որ մի օր չեն կարող նյարդային վիճակում ուժ կիրառելու հրաման տալ: Բնավ ոչ: Երբեմն ամենաթույլ արարածն էլ կարող է ուժի դիմել՝ քմահաճույքից, վախից կամ այլ պատճառներից դրդված:

Խոսքն ուժին՝ մարդու ներքին ուժին, տիրապետելու և այն առաքինի կերպով հանուն իրավունքի և արդարության տեղին և համամաչափորեն կիրառելու ունակության մասին է, որ այս մարդիկ չունեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր