ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ մեկնաբանելով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները և դրա հետ կապված սեփական «աննախադեպ» վարքագիծը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ հեռու է պետական մտածողությունից և արժանի չէ զբաղեցնելու պետության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը։ Արձանագրենք․ Փաշինյանն անգամ Ազգային ժողովի ամբիոնից այդպես էլ չցավակցեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահվան առնչությամբ՝ նշելով, թե էլ ի՞նչ պետք է աներ, եթե հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ԱԱԾ պաշտոնյաների մասնակցությամբ և համապատասխան պետական պատվո արարողակարգով։ Փաստորեն, ըստ Փաշինյանի՝ ԱԱԾ վերնախավը չպե՞տք է մասնակցեր հուղարկավորությանը։ Եթե մասնակցել է, դա արդեն իր սիրելի «աննախադե՞պ»-ն է։ Փաշինյանը հարցնում է՝ իսկ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, ասում է՝ Կուտոյանը վիճահարույց ժամանակաշրջանում է պաշտոնավարել։ Ասեմ․ կառավարության ղեկավարն անձնապես պետք է ցավակցեր և մասնակցեր հոգեհանգստի կամ հուղարկավորման արարողությանը։ Հ.Գ. Նիկոլ Փաշինյան, իսկ երբ շնորհակալություն էիր հայտնում ԱԱԾ-ին և Գեորգի Կուտոյանին լավ աշխատանքի համար, այն ժամանակ չէի՞ր մտածում, որ նա վիճահարույց ժամանակաշրջանում է պաշտոնավարել։ Թե՞ կրկին իրողություն փոխվեց։ Զոռով չի, մարդ չդարձաք»։ |