ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Գազի գնագոյացման պատմությունը և թանկացման պատճառները. ԻՔՄ
03:10, 24.01.2020 | mamul.am
5026 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Դանիել Իոաննիսյանի հոդվածը` «Գազի գնագոյացման պատմությունը և թանկացման պատճառները» թեմայով:

2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայտնի «գազային» պայմանագիրը, որն ուներ 2 բաղադրիչ՝ համաձայնագիր «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վաճառքի ու գործունեության պայմանների մասին, ինչպես նաև համաձայնագիր գազի գների ձևավորման կարգի մասին: Շաբաթներ անց Ազգային ժողովը վավերացրեց պայմանագրերը՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի կողմից խոչընդոտելու փորձերի, դահլիճում ցույց անող լրագրողների, ինչպես նաև Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների:

Օրերս հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան», հավանաբար, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանում գազի սակագնի թանկացման հայտկներկայացնի:Այդ տեղեկությունների լույսի ներքո «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հրապարակել «գազային» համաձայնագրերի կնքումից հետո գազի գնի դինամիկայի որոշ ցուցանիշներ:

Գինը սահմանին

Առաջին համաձայնագրով «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսԳազԱրդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը, և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից», իսկ «Գազպրոմ-Արմենիան» նույնիսկ էլեկտրաէներգիա արտահանելու առավելություններ ստացավ:

Երկրորդ համաձայնագրով ամրագրվեց Հայաստան առաքվող գազի գինը սահմանին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Սկզբում դա 1000 խորանարդ մետրի դիմաց 190 ԱՄՆ դոլար էր, հետո դարձավ 165, իսկ հետո նվազեց մինչև 150 (այդ նվազումների համար հայկական կողմը նորանոր արտոնություններ էր տալիս «Գազպրոմ Արմենիային»): Սակայն 2013 թվականի այս համաձայնագիրը կնքված էր 5 տարով և դադարեց գործել 2019 թվականի հունվարի 1-ից: Այդ օրվանից, բանակցությունների արդյունքում, սահմանին գազի գինը ժամանակավորապես (և առ այսօր) ֆիքսվեց 165 դոլար 1000 խմ-ի դիմաց:

Սակայն եթե 2014 թվականին Հայաստանի համար 190 դոլարը, միջազգային շուկայի գների համեմատությամբ, շահավետ գին էր, ապա ժամանակի ընթացքում եվրոպական շուկայում ռուսական գազը էապես արժեզրկվեց, և ստեղծվեց մի իրավիճակ, երբ Հայաստանի («Գազպրոմ Արմենիայի») համար գազը արժեցավ ավելի թանկ, քան Եվրոպայի համար:

Գազի գնագոյացման պատմությունը և թանկացման պատճառները. ԻՔՄ

Օրինակ, 2019 թվականի 4-րդ եռամսյակ տվյալներով, Եվրոպա առաքվող ռուսական գազի միջին գինը (մուտքի սահմանին) մոտ 139 դոլար է, իսկ Հայաստանի սահմանին, ինչպես նշեցինք, 165 դոլար, կամ Եվրոպայից 19 %-ով ավել:

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ ռուսաստանյան «Գազպրոմը» գազի արտահանման համար ծախսերի մեծ մասը կատարում է ռուսական ռուբլիով, ապա արժե նաև ուսումնասիրել, թե Հայաստանի սահմանին որքա՞ն է արժեցել գազը ոչ միայն ԱՄՆ դոլարով, այլ հենց արտահանման երկրի արժույթով (ռուսական ռուբլիով):

Գազի գնագոյացման պատմությունը և թանկացման պատճառները. ԻՔՄ

Գծապատկերում շատ լավ երևում է, որ 2014 թվականի համեմատ Հայաստան մատակարարվող գազի մեկ խորանարդ մետրից «Գազպրոմի» ունեցած շահույթը էապես աճել է՝ 6.6-ից հասնելով 10.2 ռուբլիի:

Բաշխման արժեքը

Վերը նկարագրվածը, սակայն, այն գներն էին, որոնցով «Գազպրոմ Արմենիան» գազը ձեռք է բերում «Գազպրոմից»: «Գազպրոմ Արմենիան», իր հերթին, գազը վաճառում է ՀԾԿՀ սահմանած սակագներով: 2014 թվականից ի վեր բնակիչ-բաժանորդների համար գազի գինը, դրամային արտահայտմամբ միմիայն պակասել է, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետրից ավել սպառողների համար նախ աճել է (պայմանավորված դրամի արժեզրկմամբ) և ապա

Գազի գնագոյացման պատմությունը և թանկացման պատճառները. ԻՔՄ
նվազել:

Ընդ որում, 2017 թվականից գյուղատնտեսական որոշ ուղղությունների և տարեկան 600 խմ-ից քիչ սպառող բաժանորդների համար սահմանվեցին արտոնյալ գներ, որոնք գծապատկերում նշված են կետագծով:

ՀԾԿՀ սահմանած սակագները, համաձայն 2013 թ. 30 տարով ստորագրված համաձայնագրի, պետք է լինեն այնպիսին, որ «Գազպրոմ Արմենիան» ծածկի սահմանին գազի գնման ու գազաբաշխման հետ կապված իր ծախսերը (այդ թվում՝ «հետ բերի» կատարված ներդրումները) և ունենա տարեկան միջինում 9 % շահութաբերություն:

Այսպիսով, եթե փորձենք տեսնել, թե որքան է եղել սահմանին և վերջնական սպառողի մոտ գազի գնի տարբերությունը (մարժան)՝ կստացվի հետևյալ պատկերը:

Գազի գնագոյացման պատմությունը և թանկացման պատճառները. ԻՔՄ

Այսինքն, եթե 2014 թվականին «Գազպրոմ Արմենիային» 1 խմ գազի բաշխման համար մնում էր 36 դրամ խոշոր սպառողներից և 79 դրամ բնակիչ-բաժանորդներից, ապա այժմ այդ թվերը կազմում են 37 դրամ՝ խոշոր սպառողների դեպքում (գյուղատնտեսության որոշ ճյուղերի մասով՝ 23 դրամ) և 60 դրամ՝ բնակիչ-բաժանորդների դեպքում (շատ քիչ սպառողների մասով՝ 21 դրամ):

Այլ կերպ ասած, հստակ երևում է, որ Հայաստանում գազի մարժան շեշտակի նվազել է: Ընդորում, 2019 թվականի հունվարից (երբ սահմանին գազի գինը 150 դոլարից դարձավ 165) այդ մարժան էլ ավելի է պակասել:

Այսպիսով

Գազի մարժայի ռեկորդային ցածր ցուցանիշը, հնարավոր է, բավարար չէ 2013 թվականին ստորագրված պայմանագրով ամրագրված 9 տոկոսանոց շահութաբերության ապահովման համար, և հենց սա է պատճառը, որ «Գազպրոմ Արմենիան» մտադիր է դիմել սակագնի վերանայման համար: Թեև չի բացառվում, որ գազաբաշխման ծախսերի հիմնավորվածության քննարկման սահմաններում հնարավոր լինի նվազեցնել «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը, և եղած՝ ցածր մարժայի սահմաններում ընկերությունն ունենա 9 տոկոսանոց շահութաբերություն:

Սակայն բերված թվերը հիմնավորում են, որ ի տարբերություն 2014 թվականի, այժմ Հայաստանում վերջնական սպառողի մոտ գազի գնի (և դրա հնարավոր բարձրացման) մեջ գերակշռապես ներդրում է ունենում սահմանին գազի անհասկանալիորեն բարձր գինը:

2013 թվականին ստորագրված համաձայնագրերն ու դրանցով «Գազպրոմին» տրված մենաշնորհները իրապես պակասեցնում են սահմանին գազի գնի վրա ազդելու Հայաստանի կառավարության հնարավորությունները ու հարցը դրաձնում հայ-ռուսական քաղաքական երկխոսության առարկա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր