ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարին
18:50, 23.01.2020 | mamul.am
2793 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական այցը Նիդերլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցն այդ երկիր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է երկկողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով, դատական համակարգում և այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը նշված ուղղություններով ձևակերպել է հագեցած և հավակնոտ օրակարգ և հետևողականորեն գնում է այն կյանքի կոչելու ճանապարհով:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, ինչը կարևոր նշանակություն ունի եվրոպական գործընկերների հետ հարաբերությունները և համատեղ ծրագրերն ընդլայնելու առումով:

Ստեֆ Բլոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները և ընդգծել, որ իր երկրի կառավարությունը ևս պատրաստ է փոխգործակցության արդյունքում նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը: Նիդերլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում: Պարոն Բլոկը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ևս կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հաստացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր