ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Կամերային նվագախումբը հանդես կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ
09:10, 25.01.2020 | mamul.am
2902 | 0

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2020 թվականի անդրանիկ համերգին հանդես կգա տաղանդավոր ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ: Հունվարի 25-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային երեկոյի շրջանակում նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ հանդես կգա Եվրոպայում ճանաչում վայելող դիրիժոր Գևորգ Ղարաբեկյանը: Վերջինս, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բազում հեղինակավոր բեմեր նվաճել: Ծրագրում ընդգրկված են Մենդելսոնի, Մոցարտի, Շոստակովիչի ստեղծագործությունները:

Ջութակահար Անուշ Նիկողոսյանը մասնակցել է միջազգային փառատոների Չեխիայում, Նիդերլանդներում, Լիտվայում և Ռուսաստանում: Որպես մենակատար հանդես է եկել Deutsche Radio Philharmonie Saarbrücken-ի, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ, Կարինթիայի սիմֆոնիկ, Մանհայմի Կուրպֆալց կամերային, Մորավիայի ֆիլհարմոնիկ, Կաունասի կամերային, Հայաստանի պետական կամերային, Ուրալի Ֆիլհարմոնիկ, Լիտվայի Ազգային ֆիլհարմոնիկ և այլ հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորներ` Էդուարդ Թոփչյան, Քրիստոֆեր Ուորեն-Գրին, Դմիտրի Լիսս, Լեոշ Սվարովսկի, Պավել Բերման, Ալեքսանդր Տրեգեր, Էմանուել Սիֆերտ, Մարկուս Բոշ և այլք): Ա. Նիկողոսյանը միջազգային մրցույթների դափնեկիր է, որոնց թվում է “International Kärntner Sparkasse Wörthersee” մրցույթը (Ավստրիա, 2010, 1-ին մրցանակ): Դրան հաջորդեցին փառատոներում անվանի նվագախմբերի հետ հանդես գալու հրավերներ; Նիկողոսյանը ելույթներ է ունեցել Ֆրանկֆուրտի Alte Oper, Opéra de Nice, Լինցի Brucknerhaus, Վարշավայի Ազգային ֆիլհարմոնիկ համերգասրահ, Կլագենֆուրտի Konzerthaus, Արամ Խաչատրյան համերգասրահ, BASF Ludwigshafen Konzerthaus և այլ համերգասրահներում:
2015-ի մայիսին տեղի է ունեցել նրա բեմելը Լոս Անջելեսի Walt Disney համերգասրահում, իսկ 2016-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգասրահում` «Սպիտակ գիշերների աստղեր» փառատոնի շրջանակներում: Որպես մենակատար Անուշը հանդես է եկել Հայաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄԷ-ի, Սիրիայի, Վրաստանի, Իտալիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Իսրայելի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Սլովակիայի և Ավստրիայի նվագախմբերի հետ: Որպես կամերային երաժիշտ մասնակցել է փառատոների և համագործակցել Ջուլիա Ֆիշերի, Քիմ Քաշքաշյանի, Լայֆ Օվե Անդսնեսի, Նիլս Մյոնքեմայերի, Սերգեյ Կռիլովի, Պավել Վերնիկովի, Մարիո Բրունելլոյի, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գիի, Ռադովան Վլադկովիչի, Բենջամին Նիֆֆենեգերի հետ: Նրա ընդարձակ նվագացանկում մեծ տեղ են զբաղեցնում ժամանակակից կոմպոզիտորների գործերը. Մանսուրյան, Երկանյան, Դոթ, Պենդերեցկի, Զաքարյան, Իսրայելյան, Չաուշյան, Չթչյան և ուրիշներ: 2013-ից Անուշ Նիկողոսյանը նվագում է Ժան-Բատիստ Գվադանինիի կերտած ջութակով (Միլան, 1753):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր