ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հուսով եմ՝ Մարուքյանին մի օր կհաջողվի հաղթահարել իր ինքնության ճգնաժամը». Ռուբեն Ռուբինյան
16:30, 24.01.2020 | mamul.am
4113 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանը, պատասխանելով Լենա Նազարյանի քննադատական ելույթին, կասկածի տակ է դրել, որ ելույթի հեղինակը տիկին Նազարյանն է, ապա «Իմ քայլին» մեղադրել է կոնֆորմիզմի (որը, ի գիտություն Մարուքյանի, գրվում է ն-ով, այլ ոչ` մ-ով) մեջ և պնդել, որ մենք մոլորվել ենք հին ու նոր Հայաստանի միջանցքներում և չենք կողմնորոշվում, թե որ ուղղությամբ շարժվել:

Մարուքյանին, որը նախկինում հանրության լայն շրջանակների կողմից հաճախ կասկածվել է այլ ուժերի խոսափող լինելու մեջ (ինչին երբեք չեմ ուզեցել հավատալ և հուսով եմ, որ այդպես կշարունակվի), ուզում եմ տեղեկացնել, որ մենք մշտապես խոսել և խոսում ենք բացառապես մեր անունից և մեր տեքստերով՝ պարզ և ուղիղ:

Կոնֆորմիզմի մասին խոսում է մարդ, որը Հայաստանի վերջին տարիների ոչ մի քաղաքական իրադարձության ընթացքում կտրուկ և հստակ դիրքավորում չի ընտրել, որը մշտապես փորձել է ինչ-որ կերպ շահեկանորեն տեղավորվել քաղաքական վերադասավորումների համատեքստում՝ անկախ գաղափարներից և արժեքներից:

Չկողմնորոշվելու մասին խոսում է մարդ, որը պարզ և վճռորոշ իրավիճակներում, երբ պիտի ընտրես x-ը կամ կամ y-ը, միշտ ընտրել է երրորդ ճանապարհը:

Հուսով եմ՝ Մարուքյանին մի օր կհաջողվի հաղթահարել իր ինքնության ճգնաժամը և, ի վերջո, դառնալ բովանդակային ընդդիմություն, իսկ մենք մեր ընտրությունը կայացրել ենք վաղուց և այն հստակ է՝ շարունակելու ենք Հայաստանում լայնածավալ բարեփոխումների գործընթացը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր