Հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ։ Ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Արթուր Մարտիրոսյանը ներկայացնելով հանրապետությունում արձանագրված հանցագործությունների շարժընթացը՝ նշել է, որ 2019 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,8%-ով կամ 2.172 դեպքով (2018 թ.` 24.678, 2019 թ.` 26.850), ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, ինչպես և առավել լատենտային համարվող՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների և կեղծ փողեր, արժեթղթեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքերի հայտնաբերման աճով: Գրանցված 26.850 հանցագործությունների մեծ մասը բաժին է ընկնում ոչ մեծ (54,4%) և միջին ծանրության (27,8%-ը) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 82,2%-ը: Չնայած հանցագործությունների թվի որոշակի աճին՝ 2019 թ. ընթացքում իրականացված ծավալուն օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում էականորեն՝ շուրջ չորս անգամ կրճատվել է աճի տեմպը (2019 թ. հունվար՝ 35,3%, դեկտեմբեր՝ 8,8%): Զեկուցողը նկատել է, որ դեպքերի աճը կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ բարձրացել է ՀՀ քաղաքացիների վստահությունը ոստիկանության նկատմամբ, և նրանք չեն խուսափում դիմել ոստիկանություն (եթե 2018 թ. ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ ստացվել է 203.539 առերևույթ հանցագործության մասին հաղորդում, ապա 2019 թ. դրանց թիվն աճել է 42.882-ով` կազմելով` 246.421): Ի դեպ, 10,4%-ով աճել են այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմել են ոստիկանություն նախկինում չհայտնած դեպքերի վերաբերյալ: Արթուր Մարտիրոսյանը ներկայացնելով բացահայտման աշխատանքները՝ նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով անցնող 32.623 հանցագործության դեպքերի 58,0%-ով առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ: Ըստ հիմնական հանցատեսակների՝ բացահայտման ընդհանուր ցուցանիշից առավել բարձր է սպանությունների՝ 72,7%, սպանության փորձերի՝ 70,5%, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 84,6%, այդ թվում՝ ծանր՝ 72,2%, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման՝ 85,5%, ավազակության՝ 78,8%, խարդախության՝ 60,8%, յուրացման կամ վատնման՝ 59,0% և տրանսպորտային միջոց փախցնելու՝ 80,4% դեպքերի բացահայտման արդյունավետությունը: Հաշվետու ժամանակահատվածում 46-ով (1.475-1.521) աճել է ինչպես նախկին տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետությունը, այնպես էլ 51-ով կամ 37,2%-ով հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվը (137-188): Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է 1.280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացման, 135-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 299-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 60-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն: |