ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում ՀՀ-ում չինական վիրուսի հնարավոր թափանցումը կանխելու ուղղությամբ». Սոսի Թաթիկյան
16:35, 25.01.2020 | mamul.am
6657 | 0

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես` որպես վարակիչ հիվանդություններից ու համաճարակներից շատ վախեցող մարդ, ցանկանում եմ իմանալ, թե Հայաստանում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Չինաստանից Կորոնա վիրուսի հնարավոր թափանցումը Հայաստան կանխելու ուղղությամբ` հատկապես հաշվի առնելով, որ դրա տարածումը համընկավ Հայաստանի ու Չինաստանի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման հետ: Նշենք, որ վիրուսն արդեն հասել է ԱՄՆ ու Ֆրանսիա:

Որպես Էբոլայի համաճարակի տարիներին Աֆրիկայում ապրած, աշխատած ու անընդհատ ճանապարհորդած մարդ, պատմեմ, թե աֆրիկյան երկրներն ինչպես էին վերահսկում Էբոլայի վիրուսի տարածումը: Նույնը տեսել եմ ասիական շատ երկրներում, օրինակ` Թաիլանդում, նույնիսկ առանց որևէ համաճարակի առկայության:

Այդ տարիներին աֆրիկյան ցանկացած երկիր մտնելիս, ուղևորները պետք է անցնեին ոչ միայն անձնագրային հսկողություն, այլև` բժշկական: Անձնագրային հսկողությունից առաջ, ինքնաթիռից դուրս գալուց անմիջապես հետո կանգնած էին լինում բժշկական ծառայության աշխատակիցներ: Երկիր ժամանող բոլոր ուղևորներն անցնում էին մի սարքի միջով, որը ցույց էր տալիս, թե նրանք ջերմություն ունեն, թե` ոչ: Նրանք պետք է լրացնեին թերթիկ, և եթե վերջին որոշակի ժամանակամիջոցում եղած լինեին այն երկրներից մեկում, որտեղ տարածված էր էբոլայի վիրուսը, նրանց դնում էին կարանտինի տակ ախտանշանների բացահայտման համար պահանջվող ժամանակահատվածով: Լրացվող թերթիկում նրանք պետք է պատասխանեին մի շարք հարցերի` արդյոք ջերմություն ունեն, թե` ոչ, տարբեր ախտանշաններ ունեն, թե` ոչ, վիրուսակրի հետ առնչվել են, թե` ոչ: Օդանավակայաններում նաև տեղադրված էին ձեռքերն ախտահանող հեղուկներ:

Հույս ունեմ, որ մեր համապատասխան պատկան մարմիններն այս հարցին լուրջ կվերաբերվեն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ կձեռնարկեն այդ վիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար:

Քանի որ առողջապահության նախարարի հետ ՖԲ-ով ընկեր չեմ, խնդրում եմ նրան փոխանցել իմ` որպես քաղաքացու, այս մտահոգությունը և այլ երկրներից իմ տպավորությունները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր