Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին շատ ենք անդրադարձել և որակել այս Սահմանադրությանը` որպես պետության զավթումն ամրագրող փաստաթուղթ: Ուղղակի ներկայացնում եմ մի քանի հոդված, որպեսզի և՛ հիշեցնեմ, և՛ ավելի կոնկրետացնեմ գնահատականի հիմնավորումներից մեկը: Եվ այսպես, Սահմանադրության մի քանի հոդվածներով ինչ է ասվում: Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ 2) մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը. Հոդված 170. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները 1. Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ: Պարզ է, չէ, որ Սահմանադրության մեջ փոփոխության որևէ նախագիծ մինչ ընդունումը, անկախ նրանից կընդունվի հանրաքվեով, թե Ազգային ժողովի կողմից (ըստ այս Սահմանադրության` Սահմանադրության մեջ փոփոխություններ կարող է կատարվել նաև Ազգային ժողովի կողմից), ապա պետք է նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը լինի: Ասենք, եթե Սահմանադրական դատարանի որոշումը եղավ դրական, որ փոփոխության նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը, խնդիր չկա, հետագա որոշման ընդունման համար: Իսկ եթե Սահմանադրական դատարանը որոշեց, որ փոփոխության նախագիծը հակասում է Սահմանադրությանը, իսկ նման որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ, ապա փոփոխության նախագիծը որևէ կերպ չի կարող ընդունվել՝ հանրաքվեի կամ Ազգային ժողովի կողմից: Հիմա, մեջ եմ բերում Սահմանադրության մեկ այլ հոդված. Հոդված 89. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը 1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: 2. Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: 3. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Եթե ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի անցկացման դեպքում թույլատրվում է նոր դաշինքների ձևավորումը: Քաղաքական կոալիցիա կազմելու սահմանափակումները, պայմանները և կարգը սահմանվում են Ընտրական օրենսգրքով: Հիմա պատկերացրեք, որ Սահմանադրական դատարան է ներկայացվում Սահմանադրության նշված հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկություն՝ ենթադրենք, վերացնելու կայուն քաղաքական մեծամասնության դրույթը: Պատկերացնում եք` Սահմանադրական դատարանն ինչ որոշում է կայացնելու, բնականաբար, որ հակասում է սահմանադրության 89 հոդվածի 3-րդ մասի դրույթին, այսինքն` հակասում է Սահմանադրությամբ ամրագրված կայուն քաղաքական մեծամասնության դրույթը մնում է անփոփոխ: Ահա նման մեխանիզմով Սահմանադրական դատարանը հանդես է գալիս պետության զավթումն ամրագրող Սահմանադրության սահմանադրական դրույթի պահպանողի դերում: Փակ շրջան է ստացվում, եթե մնանք այս Սահմանադրության շրջանակում, որն ընդունվել է կեղծիքներով և որի արդյունքները կեղծված են»: |