Հունվարի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Ինչպես հայտնի է, հունվարի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, իր, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների գործով: «Ժողովուրդ» օրաթերթին այդ գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, թե գաղտնալսման մասով 2018թ.՝ գաղտնալսումից հետո, նախաքննական մարմնին ինչ է հայտնել ՀՔԾ պետ Խաչատրյանը և ինչու է հրաժարվել քննիչներին տրամադրել իր բջջային հեռախոսը: 1. Ե՞րբ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած գաղտնալսումների փաստով քրեական գործը: 2. Ե՞րբ է փորձաքննության ենթարկվել Արթուր Վանեցյանի հեռախոսը: 3. Ե՞րբ է փորձաքննության ենթարկվել Սասուն Խաչատրյանի հեռախոսը: 4. Եթե կա ժամկետների տարբերություն ուժային կառույցների վերոնշյալ ղեկավարների հեռախոսների փորձաքննության ժամկետների մեջ, ինչո՞վ է դա պայմանավորված: 5. Փորձաքննության ենթարկվե՞լ է արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսը: Եթե այո, ե՞րբ: ՔԿ-ից մեզ պատասխանել են, որ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքերի առթիվ 2018թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է թիվ 61209718 քրեական գործը, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Հավելել էին նաև, որ հիշյալ քրեական գործով քննության առարկա է դարձել 2018թ. դեկտեմբերի 5-ին համացանցում տեղադրված ՀՀ վարչապետի, ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություններն ապօրինի գաղտնալսելու, ձայնագրառելու և համացանցում տարածելու հանգամանքները: «Քրեական գործի նախաքննության ընթացքում՝ 2018թ. սեպտեմբերի 12-ին, մասնագետի մասնակցությամբ՝ «Oxigen software detective 9.2.0.75» արտոնագրված ծրագրային ապահովման կիրառմամբ կատարվել է Ա. Վանեցյանի և Ս. Խաչատրյանի բջջային հեռախոսների զննում»,- 168.am-ին ասել էին ՔԿ-ից՝ հավելելով նաև, որ վերոնշյալ ծրագրային ապահովումը հանդիսանում է ոլորտում լավագույններից և արդյունավետներից մեկը, և հենց դրա կիրառմամբ են ՀՀ-ում գործող փորձագիտական հիմնարկներն իրականացնում համապատասխան փորձագիտական հետազոտություններ: ՔԿ-ից տեղեկացրել էին նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բջջային հեռախոսը փորձաքննության չի ենթարկվել: Անհասկանալի է, իհարկե, թե ինչո՞ւ այդ գործով 3 ֆիգուրանտներից մեկի հեռախոսը հետաքրքրություն չի ներկայացրել նախաքննական մարմնի համար, և արդյո՞ք դա պայմանավորված է նրա զբաղեցրած պաշտոնով, սակայն այդ մասին ՔԿ-ն լռել էր, գրում է աղբյուրը: |