ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Մեր զինվորներն ու սպաները պատրաստ են պատվով կատարել մարտական ցանկացած խնդիր». Սարգիս Ստեփանյան
17:35, 28.01.2020 | mamul.am
4172 | 0

ՀՀ զինված ուժերի մայոր, հաշմանդամություն ունեցողների բազկամարտի Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, սիրով ու հպարտությամբ շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայոց Բանակի տոնի կապակցությամբ։ Այս տոնի առթիվ շնորհավորանքների հասցեատերը դուք եք՝ ձեզանից յուրաքանչյուրը։ Սա մեր պապերի, հայրերի, մեր զավակների տոնն է ու նրանց աննկուն թիկունքի՝ տատիկների, մայրերի ու դուստրերի տոնը: Հայոց բանակը ծնունդ առավ մեր գոյապահպանման պատերազմի կրակների մեջ: Նա ծնվեց որպես հայի ապրելու և ազատագրվելու կամք, որպես նրա հույսերի, իղձերի և անմահության առհավատչյա: Նա ծնվեց արյունով, ծնվեց սևազգեստ մայրերի աղոթքներով։ Նրա ծնունդով անմահացան շատ հայորդիներ։ Փա՛ռք հայրենիքի համար զոհված տղաներին:
Այսօր մեր Բանակն օր օրի հզորանում է՝ հակառակ թշնամու ճղճիմ վարքի, մեր սահմաններ սողոսկելու փորձերի, զինված ոտնձգությունների։ Մեր քաջարի զինվորներն ու սպաները պատրաստ են պատվով կատարել ցանկացած մարտական խնդիր, թշնամուն տալ արժանի հակահարված և սուրբ մասունքի պես պաշտպանել հայրենիքի սահմանները։ Ապրիլյան պատերազմը վառ ապացույց էր նրա, որ հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայի համար կյանքից առավել է, այն մեր երակներով է հոսում։ Փառք ու պատիվ հերոսածին այն մայրերին, ովքեր հայրենիքին այնպիսի զավակներ տվեցին, ովքեր ստիպեցին ոսոխին սարսափել մեր մի զարկից։
Շնորհավոր տոնդ, Հայո՛ց Բանակ։ Մնա՛ անառիկ, հզո՛ր, ողջ ու առողջ վերադարձրու յուրաքանչյուր զինվորի։
Շնորհավոր տոնդ, հա՛յ զինվոր։
Շնորհավոր տոնդ, հերոսածի՛ն մայր։
Շնորհակալ եմ քեզ․․․
Փառք ու պատիվ քեզ հայրենի՛ք․․․»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր