ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել
10:15, 14.02.2020 | mamul.am
13455 | 2

ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել.

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական:

Հանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ:

Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև պետականությունը քանդելու հերթական քայլն է:

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:

Մենք, արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին, հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:

Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր