ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը քննարկում է դադարեցնել General Electric Co.-ի կողմից արտադրված ինքնաթիռների շարժիչների մատակարարումը Չինաստան՝ կառուցվող նոր ինքնաթիռների համար: Ըստ Wall Street Journal-ի՝ այս քայլը կարող է հանգեցնել «լուրջ հետևանքների» ամերիկյան սարքավորումների խոշոր արտադրողի համար, ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային պատերազմի սրացմանը։ Հրապարակման համաձայն, Սպիտակ տունը կարող է հրաժարվել լիցենզիա տրամադրելուց, որը թույլ կտա CFM International-ին, որը GE-ի և ֆրանսիական Safran SA-ի համատեղ ձեռնարկությունն է, արտահանել իր LEAP 1C ինքնաթիռների շարժիչները Չինաստան: Շարժիչներն օգտագործվում են չինական C919 ինքնաթիռներում, որոնք մշակվել են Չինաստանի Commercial Aircraft Corp-ի (COMAC) կողմից: Այս հարցը կներկայացվի քննարկման փետրվարի 20-ին։ |