ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Տարածաշրջանային լարված իրավիճակը միջնորդված կարող է ազդել արցախյան ուղղությամբ». Արման Աբովյան
19:10, 17.02.2020 | mamul.am
3651 | 0

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե լավ ժողովուրդ ջան, չմոռանանք, որ մենք մենակ չենք աշխարհում և մի պահ վերադառնանք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին կխոսենք մի քանի օր հետո, քանի որ իրանյան ուղղությամբ սպասվում են բավականին հետաքրքիր իրադարձություններ, հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում սիրիական ուղղությամբ ռուս-թուրքական հերթական լարվածության շուրջ: Իմիջայլոց, ոմանք արդեն շտապում են անվանել սիրիական Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունները որպես լայնածավալ ռուս-թուրքական ռազմական բախումների նախապատրաստական փուլ։ Ես, ճիշտն ասած, չեմ կիսում այս տեսակետը, սակայն մի փոքրիկ նախաբան։
Իդլիբը հիմնական թուրքական ռազմական հենակետ է, որը թույլ է տալիս Էրդողանին վերահսկել թուրք-սիրիական սահմանի ամենախոցելի կետերը և, իհարկե, շատ կարևոր հենակետ է թուրքերի համար հետագայում պանթուրքական ռազմական էքսպանսիայի համար։ Հենց Իդլիբում է կուտակված թուրքամետ գրոհայինների հիմնական ծավալը` իր ամբողջական ենթակառուցվածքով։ Տևական ժամանակ Սիրիայի կառավարական ուժերն ակտիվ չէին իդլիբյան ուղղությամբ` թողնելով ռուսների և թուրքերի վրա հիմնական ռազմական կառավարման բեռը, սակայն վերջին շաբաթների ընթացքում սիրիական բանակն սկսեց շատ ակտիվ խրվել այդ ուղղությամբ, փաստացի թուրքամետ գրոհայիններին մղելով դեպի թուրքական սահման։ Պարզ է, որ ռազմական գործողությունների ակտիվությունը չէր կարող լինել առանց ռուսների հետ համաձայնության։ Ասեմ ավելին, թուրքական բանակը կորցրեց շատ մեծ քանակությամբ զինծառայողներ, ինչն իր հերթին զայրացրեց թուրքական իշխանություններին, որոնք ակտիվորեն սկսեցին ավելացնել ռեցուլյար բանակայինների քանակն Իդլիբում, որն էլ իր հերթին բերեց ռազմական գործողությունների թեժացմանը։ Էրդողանը համարյա ամեն օր ցնցվում է ռազմատենչ հայտարարություններով` ընդդեմ Ասադի և ռուսների։ Իմիջայլոց, կան արդեն հաստատված տեղեկություններ, որ ռուսներն ունեն մարդկային կորուստներ թուրքական բանակի գործողության պատճառով։
Դրա հետ մեկ տեղ ռուսները, կարծես թե, չունեն նպատակ նահանջել իդլիբյան ուղղությամբ։
Ինչո՞ւ ստեղծվեց այսպիսի իրավիճակ։ Եկեք վերհիշենք, որ թուրքերը և ռուսներն ունեին պայնավորվածություն, որ թուրքական բանակը չի ներխուժի Սիրիայի տարածքի խորությամբ ավելի քան 35 կիլոմետր, սակայն թուրքերը, համաձայն իրենց ավանդական մարտավարության, խախտեցին պայմանավորվածությունը ռուսների հետ։ Սա պատճառներից մեկն է, կան էլի պատճառներ, սակայն թույլ տվեք չծանրացնեմ հիմա գրառումս։
Հիմա հարց` լինելո՞ւ է լայնածավալ բախում ռուսների և թուրքերի միջև։ Կարծում եմ` ոչ, քանի որ հիմա լայնածավալ հրմշտոց ձեռնտու չի ո՛չ թուրքերին, ո՛չ ռուսներին, քանի որ դա կհանգեցնի շատ անկանխատեսելի հետևանքների, որից միանշանակ կօգտվեն ամերիկացիները և քրդերը, ինչն իր հերթին կբերի ռուսների մասնակի թուլացմանն իդլիբյան ուղղությամբ և թուրքերի դիրքերի միանշանակ խարխլմանը։
Ի՞նչ է լինելու... Կարծում եմ, որ չի կարելի բացառել լոկալ բախումներ (դե նվազագույնն այն պատճառով, որ և՛ ռուսները, և՛ թուրքերը շատ բծախնդիր են տարածաշրջանային հեղինակության հարցերում), սակայն լայնածավալ պատերազմի հարցը չի հասնի։ Ռուսները կօգնեն ասադիստներին, թուրքերը կօգնեն նեոթուրքական գրոհայիներին, Ասադի զորքը կմոտենա թուրքական դիրքերի և այդ պահից սկսած` մենք ականատես կլինենք, թե ինչպես թուրքերը կշտապեն կրկին պայմանավորվածություն ձեռք բերել ռուսների հետ։
Մոտավոր սցենար է, բայց, կարծում եմ, միակ իրականը, իհարկե, մի քանի վերապահումներով։
Հ. Գ. Հիմա Հայաստանն այստեղ ո՞ւր է... կոպիտ ասած` մեզ ինչ։
Ասեմ` նվազագույնը մենք պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ցանկացած իրադարձություն ռուս- թուրքական ուղղությամբ ակամայից պետք է շատ ուշադիր ուսումնասիրել, քանի որ այս տարածաշրջանային լարված իրավիճակը միջնորդված կարող է ազդել արցախյան ուղղությամբ։ Թե ինչպես, կքննարկենք այս մի քանի օրվա ընթացքում։ Առայժմ այսքանը...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր