ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Պնախարարը, ԳՇ պետը, ՌՈ պետը պետք է տեղաշոր չմտնեին այնքան ժամանակ, մինչև չբացահայտվեր գործը». իրավապաշտպան
15:35, 17.02.2020 | mamul.am
4739 | 0

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ հայոց բանակի գլխավոր խնդիրն այն է, որ այն զորամասերում, որտեղ սպանության և ինքնասպանության դեպքեր են լինում, ՊԲ վերնախավն անձամբ մասնակցություն չի ունենում դրանց բացահայտման գործին: «Պնախարարը, ԳՇ պետը, ՌՈ պետը պետք է անձամբ գնային այդ զորամասեր և տուն չգնային ու տեղաշոր չմտնեին այնքան ժամանակ, մինչև չբացահայտվեր գործը»,- կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց իրավապաշտպանը:

Թե ինչպիսի առաջարկներ ունի բանակի առողջացման հետ կապված՝ Ն. Կարապետյանցը նշեց. «Պետք է հոգեբանների թիվն ավելացնել, մաքրել անձնակազմը, վերապատրաստվել... կան զորամասեր, որոնց մասին մենք երբեք չենք լսել, որովհետև չի լինում նման խնդիր. էդ ո՞նց է պատահում: Բայց կան զորամասեր, որոնք ամենամեծ թվով մահերն են տալիս»:

Կարապետյանցի խոսքով՝ եթե համակարգը հիվանդ է, ապա հիվանդ է ամբողջությամբ, ուստի պետք է գտնել այդ հիվանդ տեղերը և բուժել. «Չի՛ կարելի մեր երեխաների կյանքի հաշվին որոշ սպաների պագոնների բարձրացում անել:

Եթե նշածս բոլոր մարմիններն իրենց տեղում լինեին, այսքան զոհեր չէինք ունենա, որովհետև անպատժելիությունը բերում է նոր հանցագործություններ, ավելի ցինիկ հանցագործություններ՝ ավելի ծանր հետևանքներով»,- ասաց նա՝ շարունակելով. «Ի՞նչ է պարտավոր անել ՀՀ քաղաքացին. պարտավոր է հարկերը վճարել, ՀԴՄ պահանջել, որպեսզի զինվորի բաժինը տեղ հասնի, պարտավոր է զավակ ունենալ՝ ուղարկել բանակ, հետո դիակը բարեհաջող ստանալ ու աչքերը համեստ իջեցնել, լռել նստե՞լ, չի՛ լինելու նման բան. էս երեխեքը մատաղացու միս չեն, էս երեխեքից ամեն մեկն իր տան լույսն ու ճրագն են, չի՛ կարելի թույլ տալ նման բան»:

Իրավապաշտպանը կարծում է, որ մեր՝ քաղաքացիներիս մեղավորությունը նույպես կա այս հարցում. «Տասնյակ տարիներով սևազգեստ մայրերը կանգնել են այստեղ, Բաղրաման 26-ում և մենք իրենց կողքին չենք եղել, չենք սատարել, այդտեղ է մեր մեղքը, մեր անտարբերությունը»:

«Զինվորին թիկունք» նախաձեռնության անդամները նշեցին, որ հինգշաբթի նույնպես հավաքվելու են կառավարության դիմաց՝ հանդիպում պահանջելու վարչապետի հետ: Եթե չկարողանան հանդիպել՝ խոստացան գտնել այլ ուղիներ: Նրանք ստորագրահավաք անցկացրեցին և կառավարության աշխատակազմին փոխանցեցին իրենց հայտարարությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր