Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 499.37, EUR 543.06, RUB 6.62, GBP 614.92
+2 °C, +2 °C ... +10 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Կա մի բան, որն ինձ բանակում հիշեցնում է 90-ական և 2000-ական թվերը». Վովա Վարդանով
00:05, 18.02.2020

Փետրվարի 15-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ վաղը Ազգային ժողովում կլինի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստը, որի ընթացքում ԶՈւ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր կտրվեն ԳՇ պետին ու մի քանի այլ պատասխանատուների:

168 TV-ի եթերում «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը նշել է, որ այդ նիստից բանակում առկա խնդիրների վերաբերյալ որևէ դրական լուծման ակնկալիք չունի. «Քանի դեռ հայկական բանակը համարվում է «Պլաց բանակ», չեն կարող առկա խնդիրներին տրվել դրանք բացառելուն միտված լուծումներ, ինչը հնարավոր կլինի միայն կառուցվածքային փոփոխությունների և բանակն ավելի պրագմատիկ դարձնելու պարագայում»,- ասել է նա:
Անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում արձանագրված մահվան դեպքերին՝ Վարդանովը եթերի ընթացքում նշել է, որ դժբախտ դեպքերի վիճակագրության մասին չպետք է խոսել՝ հիմքում դնելով վերջին երկու ամսվա տվյալները, քանի որ հստակ վիճակագրության մասին կարելի է պատկերացում կազմել միայն տարեկան կամ կիսամյակային կտրվածքով։

«Դեռ 90-ականներից ինձ բանակում զոհերի թիվը վախեցնում էր, այդ թիվը սարսափելի է եղել բոլոր նախորդ նախագահների պաշտոնավարման ժամանակ էլ։ Մենք բանակում հսկայական թվով զոհեր ենք ունեցել և ունենում՝ կապված տեխնիկական խնդիրների, անգրագիտության, միջանձնային հարաբերություներում չափն անցնելու, ինքնասպանությունների հետ։ Բայց կա մի բան, որն ինձ հիշեցնում է 90-ական և 2000-ական թվականները։ Գիտեք՝ այդ ժամանակներում աղանդ կար, որն ինքնասպանություն էր քարոզում բանակում, և այն ժամանակ նրանցով զբաղվում էր Ազգային անվտանգության ծառայությունը, կարծում եմ՝ հիմա էլ պետք է այդ ծառայությունն ուսումնասիրի զինվորների ինքնասպանությունների դեպքերը, որոնք, կարող է, ինչ-որ աղանդի գործունեության հետևանք են։ Աղանդները միշտ էլ եղել են, որոնցով Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվել է, պարզապես կարծում եմ՝ հիմա շատ ավելի ուշադիր պետք է լինի ու դրանցով ավելի շատ զբաղվի»,- ասել է Վարդանովը։

Խոսելով սպայական կազմի մասին՝ Վարդանովը նշել է. «Կարծում եմ՝ մեր գեներալներին մի քիչ նեղելը չի խանգարի. իշխանությունը փչացնում է գեներալին և սպային, բացարձակ իշխանությունը՝ էլ ավելի, և էդպես է եղել միշտ, ուստի Ազգային ժողովում ստեղծված այդ քննիչ հանձաժողովն այս առումով ճիշտ գործ է անում, որոշակիորեն սանձում են գեներալներին, պարզապես այդ ճիշտ գործը կօգտագործեն հօգուտ ազգի՞, թե՞ իրենց քաղաքական նպատակների համար, դա դեռ չեմ կարող ասել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Կա մի բան, որն ինձ բանակում հիշեցնում է 90-ական և 2000-ական թվերը». Վովա Վարդանով
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր