Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 499.37, EUR 543.06, RUB 6.62, GBP 614.92
+7 °C, +5 °C ... +9 °C Վաղը`+10 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է
23:05, 18.02.2020

Արմավիրի մարզում 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է 9 ամիս տևած դատաքննության արդյունքում դատարանը գտել է, որ մանկահասակ երեխայի սպանության համար նրա հոր մեղադրանքի հիմքում դրված ապացույցները բավարար չեն, չեն կարող իրենց թույլատրելիության, վերաբերելիության և բավարարության առումով հիմք հանդիսանալ մեղադրող դատավճիռ կայացնելու համար և արդարացման դատավճիռ կայացրել։ Այս մասին տեղեկացնում է Pastinfo-ն:

Դատախազը համամիտ չէ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գնահատականի հետ ու վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով նրան մեղավոր ճանաչել ու դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Բողոքը վերաքննիչում ստացվել է հունվարի 29-ին։

Մանկահասակ երեխայի սահմռկեցուցիչ մահվան դեպքը գրանցվել է 2018թվականի սեպտեմբերին՝ Արմավիրում։ Ահազանգն ստացվել է բժշկական կենտրոնից առ այն, որ իրենց մոտ է տեղափոխվել մանկահասակ երեխայի դի, որի մարմնի վրա արտաքին զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր։

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ փոքրիկը բռնության է ենթարկվել տանը՝ հոր կողմից։

Այսպես՝ ընտանիքի հայրը՝ Ռ.Մանուկյանը, կնոջ և երեխայի հետ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում բնակություն է հաստատել 2018թ. սեպտեմբերի 13-ին. Նա զբաղվել է անասնապահությամբ և բնակվել սեփականատիրոջը պատկանող անասնագոմերին կից առանձնացված սենյակում։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 09-ի սահմաններում, մանկահասակ տղայի՝ 9 ամսական փոքրիկի լացի ձայնը կտրելու նպատակով, ապօրինաբար նրան կյանքից զրկելու դիտավորությամբ հայրը ձեռքի ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել նրա դեմքի շրջանին, ապա, դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, շարունակել է բռունցքներով հարվածներ հասցնել մեջքին, գլխին և մարմնի տարբեր մասերին։

Հարվածների հետևանքով փոքրիկն ստացել է ձախից ծոծրոսկրի կոտրվածք, ուղեղանյութի արյունազեղում, ձախից` 5,6,7,8,9,10-րդ կողոսկրերի կոտրվածքներ: Տեսնելով որդու նկատմամբ կիրառվող բռնությունը՝ մայրը փորձել է միջամտել և մոտեցել ամուսնուն, սակայն վերջինս քաշել է կնոջ ձեռքից ու ծեծել՝ բռունցքով հարվածելով գլխին։

Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով փոքրիկը տեղում մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը քողարկելու համար ամուսինը պարտադրել է կնոջը՝ հուղարկավորել նրան՝ հետքերը թաքցնելու համար։
Այդ նպատակով Ռ.Մանուկյանն անգամ փոս է փորել, սակայն կինը, նրա ձեռքից խլելով փոքրիկի մարմինը, վազել է դեպի Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ էլ հաստատվել է երեխայի մահը։

Քրեական գործի տվյալներով՝ ընտանիքում դա բռնության միակ դեպքը չի եղել, դեպքից օրեր առաջ ընտանիքի հայրը կրկին բռնություն էր գործադրել կնոջ և մանկահասակ երեխայի նկատմամբ, ինչից հետո կինը տանից հեռացել էր, բայց հետո, ընդառաջելով ամուսնու զանգին, նորից վերադարձել։

Նախաքննական մարմինը՝ հորը՝ Ռ.Մանուկյանին մեղադրանք էր առաջադրել երեխայի դիտավորյալ սպանության և կնոջ նկատմամբ բռնությունների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 3 դրվագ՝ 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու գործն ուղարկել դատարան։

Մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ ամուսնացել է Օ.Գրիգորյանի հետ, սակայն ՔԿԱԳ-ում գրանցված չեն։ Վերջինս նշել է, որ կնոջ հետ ծանոթացել է, երբ նա հղի է եղել առաջին ամուսնուց, սակայն ընդունել է երեխայի հայրությունը, աշխատել և պահել նրան, պնդել, որ նրա նկատմամբ երբևէ բռնություն չի գործադրել։ Ըստ նրա դատաքննական ցուցմունքի՝ ինքն ու կինն ապրել են հաշտ ու համերաշխ, երբևիցե իրենց միջև վիճաբանություն չի եղել, նրան կամ նորածնին որևէ ցավ չի պատճառել, նույնիսկ բազմիցս գրկել ու խնամել է, անհրաժեշտության դեպքում նաև կերակրել: Դատարանում մեղադրյալը հայտնել է, թե «նախաքննության ընթացքում ինքը ճիշտ ցուցմունքներ չի տվել և շատ հարցերում մեղադրել է Օվսաննա Գրիգորյանին, քանի որ նա էլ իր հերթին սխալ ցուցմունքներ է տվել ու երեխայի սպանության մեջ մեղադրել իրեն:

Ըստ նրա, ոստիկանությանը ճշմարտությունը չեն հայտնել` չցանկանալով մեղադրել որևէ մեկին, կատարվածի մասին անմիջապես ոստիկանությանը չեն հայտնել ենթադրելով, որ հետևանքների համար կմեղադրեն Օվսաննային, իսկ նա հղի է եղել: Երբ Օվսաննա Գրիգորյանը նախաքննության ընթացքում ամբողջ մեղքը բարդել է իր վրա, ինքն էլ պաշտպանվելու նպատակով արարքը բարդել է նրա վրա և տվել ոչ ճշմարտացի ցուցմունքներ: Իրականում ինչպես ինքը, այնպես էլ Օվասաննա Գրիգորյանը երեխայի մահվան հարցում որևէ մեղք չունեն, նրան երբևիցե չեն հարվածել` անգամ անզգուշությամբ, վայր չեն գցել և վնասվածքներ չեն պատճառել: Ինչ վերաբերվում է Օվսաննային հարվածելու և ֆիզիկական ցավ պատճառելու հանգամանքներին՝ ապա պնդել է, որ նրան ևս երբեք չի հարվածել ու ցավ չի պատճառել, քանի որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս շարունակում է սիրել կնոջը և արդեն ունեն նորածին երեխա, իսկ հղի կնոջ նկատմամբ ինքը երբեք բռնություն չէր կարող գործադրել»:

Մեղադրյալը դատարանում պատմել է, թե 28.09.2018թվ. առավոտյան ինքն ու կինը գնացել են անասնագոմ, իսկ երեխան քնած է եղել: Աշխատանքի ժամանակ նկատել է, որ կինն իրեն լավ չի զգում, քանի որ հղի է եղել: Իր պահանջով նա գնացել է տուն, գործերն ավարտելուց հետո ինքը ևս գնացել է տուն և տեսել, որ երեխան լաց է լինում: Դիմելով կնոջն ասել է, որ տեր կանգնի: Այդ օրերին երեխան անհանգիստ է եղել ու անընդհատ լացել: Կինը գնացել է երեխայի մոտ, իսկ ինքը գնացել է անասնագոմ անասուններին հաշվելու և վերադարձել: Սովորաբար ինքը երեխային գրկել ու սիրել է նույնիսկ երբ վերջինս քնած է եղել, իսկ այս անգամ, երբ մոտեցել է երեխային, տեսել է, որ նա դեմքի վրա շուռ եկած է և չի շնչում: Որքան հնարավոր է ձեռքերով շունչ տալով ինքը փորձել է օգնել, բայց երեխան չի շնչել: Գոռալով կանչել է կնոջն ու ասել, որ երեխան լավ չի, չկա երեխան: Կինը մոտեցել ու տեսել է երեխային և ուշագնաց լինելով` ընկել է: Կնոջը գրկել և դրել է տեղաշորին, մտածել են ինչ անել, քանի որ նախկինում երեխայի հետ կապված խնդիրներ են ունեցել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր