Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը եղել են անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչները, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել էին վերցված նմուշներում. տեղեկացնում է ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: «ՀՀ ՍԱՏՄ Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ էին վերցրել նաև խոզերի կերերից: Համաձայն փորձաքննության արդյունքների՝ դրանցում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր: Այս պահին արձանագրվել է Աքորի գյուղի երեք տնտեսություններում առկա խոզերի ողջ գլխաքանակի՝ 165 գլուխ, անկում: ՍԱՏՄ տեսուչները վերջին երկու շաբաթների ընթացքում ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահել Աքորի համայնքի այդ տնտեսությունները, մեկուսացրել դրանք, հետևել, որ պատշաճորեն կատարվեն անկած կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի հողածածկման, տվյալ տարածքի և անասնագոմի ախտահանության աշխատանքները՝ վարակի տարածումը կանխելու նպատակով: Խոզի կերի փորձանմուշների արդյունքները ստանալուն պես ձեռնարկվել են վերահսկողական աշխատանքներ՝ հետագծելիությամբ դրա ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Արդյունքները կներկայացվեն»,-նշված է հաղորդագրության մեջ: |