ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+27 °C
IDBank-ի 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
16:15, 19.02.2020 | mamul.am
8219 | 0

Հայաստանի ֆոնդային բորսայի զանգն ազդարարեց IDBank-ի ծրագրային ազդագրի շրջանակում 2-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի ցուցակումը։

Այդպիսով երկրորդային շուկայում այս պահին շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 4 տրանշի պարտատոմս` 15 մլն դոլար և 250 մլն ՀՀ դրամ ծավալով։

«IDBank-ը շարունակում է ակտիվ դիրքեր զբաղեցնել պարտատոմսերի շուկայում և հաճախորդներին առաջարկել եկամտաբեր ներդրումների հնարավորություն։ Բանկի պարտատոմսերն ունեն բարձր պահանջարկ և սովորաբար տեղաբաշխվում են ժամկետից շուտ։ 2019 թվականին թողարկված դրամային պարտատոմսերն, օրինակ, սպառվեցին թողարկումից ընդամենը մի քանի օր անց, ինչն, իհարկե, խոսում է IDBank-ի նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին։ Եթե հաշվի առնենք օրենսդրական նոր փոփոխությունները, որոնց արդյունքում պարտատոմսերից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման, ապա պարտատոմսերն էլ ավելի գրավիչ են դառնում, և վստահ եմ, որ մեր հետագա թողարկումներն ավելի մեծ պահանջարկ են ունենալու»,- նշել է բանկի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

IDBank-ի 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Ցուցակված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

«Պարտատոմսեր ցուցակելը և պարտատոմսերի մեջ ներդրումներ կատարելը դարձել է էլ ավելի գրավիչ ու շահավետ՝ կապիտալի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումների շնորհիվ։ Մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններն, այդ թվում՝ բորսայում ցուցակված պարտատոմսերի տոկոսավճարները եկամտահարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից ազատելը, և այս տարի բորսայում նոր առևտրային համակարգի ներդնումը, ինչը ֆիզիկական անձանց կտա առցանց հասանելիություն դեպի բորսա, ստեղծում են զարգացման նոր հեռանկարներ ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների համար»,- ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Հայաստանի ֆոնդային բորսան համագործակցում է IDBank-ի հետ 2009 թվականից: Վերջինս նաև Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր, կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է։

IDBank-ի 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

AMX | Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր, ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում:

IDBank-ի մասին

IDBank-ը հիմնադրվել է 1990թ․ օգոստոսի 1-ին: 1996թ. հոկտեմբերից գործում է որպես փայատիրական կոմերցիոն բանկ։ Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank S.A.L բանկը` 40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Վարտան Դիլանյանը (FISTOCO LTD) և Թարեք Խալիֆեն (CreditBank S.A.L):

Բանկը մշտապես ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկն ու կատարելագործում վերջիններիս որակը: IDBank-ն իր հաճախորդներին է առաջարկում նորարար թվային լուծումներ և շարունակաբար բարելավում մասնաճյուղային ցանցը։ Բանկի տեսլականն է՝ դառնալ առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր