ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
2019-ին ձեռք բերված զենքերի քանակն ու պայմանները. ԻՔՄ
17:20, 20.02.2020 | mamul.am
5243 | 0

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հոդվածը` «2019-ին ձեռք բերված զենքերի քանակն ու պայմանները» թեմայով.

Գերմանական Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ BICC (Bonn International Center for Conversion) վերջին հետազոտության դասակարգմամբ՝ համաշխարհային ռազմականացվածության սանդղակում (Global Militarization Index 2018) Հայաստանն աշխարհի 155 երկրների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը:2018 թվականի զեկույցից հետո էլ Հայկական բանակը շարունակել է համալրվել սպառազինությամբ և նոր ռազմական տեխնիկայով։

2019թ. հունվարի 25-ին Կապանում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ» ներկայացնելիս հայտարարել էր, որ 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: «Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թվականի արտադրության է, կա՛մ չօգտագործված»,- նշել էր Փաշինյանը։

Ներկայացնենք, թե ի՞նչ միջոցներից և ի՞նչ պայմաններով է Հայաստանը Ռուսաստանից ռազմական տեխնիկա ձեռք բերել նախորդ տարի։

«ՍՈՒ-30ՍՄ» կործանիչների համար միանգամից է վճարվել

«ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ հետաքրքրության մասին առաջինը հանրությանը տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թ․ հունիսի 17-ին իր ֆեյսբուքյան էջում նկար էր հրապարակել և գրել, որ ինքն աշխարհի լավագույն կործանիչներից մեկի՝ «ՍՈՒ 30ՍՄ»-ի խցում է։

Այնուհետև ռուսական «Կոմերսանտ» պարբերականում հրապարակվեց «Մոսկվան SU֊30 կործանիչներ է վաճառել Երևանին Ռուսաստանի ներքին գներով» վերնագրով հոդվածը, որտեղ նշվում էր, որ կործանիչները ձեռք բերելու մասին Հայաստանը պայմանավորվել էր Ռուսաստանի հետ դեռևս 2012 թվականին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքը չէր կայացել։ Թերթի պնդմամբ՝ ռուսական կործանիչներ ձեռք բերելու հարցին Երևանն ու Մոսկվան վերադարձել են արդեն 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ 2019 թ․ դեկտեմբերի 27-ին «ՍՈՒ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում էր:

Թե որքա՞ն է վճարել Հայաստանը ՌԴ-ին 4 «ՍՈՒ 30ՍՄ»-ի համար՝ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ կործանիչների գինը դասակարգված տեղեկություն է, և ինքը չի կարող գաղտնիքներ բացել։ Պետք է նշել, սակայն, որ ըստ որոշ հրապարակումների՝ մեկ «ՍՈՒ 30ՍՄ»-ի շուկայական արժեքը մոտ 50 մլն դոլար է։

Մեկ ինքնաթիռի միջին գինը, ըստ razm.info մասնագիտացված կայքի, կարող է մոտավոր գնահատվել 25-30 մլն դոլար, իսկ շահագործման համար անհրաժեշտ այլ գույքը (տարբեր տեխնիկական միջոցներ, սարքավորումներ և զինամթերք) կպահանջի ևս մոտ 20-25 մլն դոլար։

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված գրության, կործանիչները ձեռք չեն բերվել վարկային պայմանագրերով, ինչը նշանակում է, որ դրանց համար (շուրջ 100-ից 200 մլն դոլար) վճարվել է միանգամից:

«Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրները՝ արդիականացման համար

2019թ-ի դեկտեմբերին ներկայացվեցին ՀՀ զինված ուժերը համալրած «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Ձեռք բերված «Օսա-ԱԿ»-ները, դատելով հրապարկված նկարից, նվազագույնը 5 հատ էին։

«Օսա-ԱԿ» խորհրդային զենիթահրթիռային համալիրները նախատեսված են զորային ՀՕՊ խնդիրների իրականացման համար։ Դրանք արտադրվել են 1975-ից 1980 թվականներին: Ենթադրելի է, որ նրանց արժեքը մեծ չէ: Դրանք, ըստ Պաշտպանության նախարարության, բերվել են արդիականացնելու համար՝ կրկին ոչ վարկային միջոցներով։ Մինչ այս մի շարք հայկական ձեռնարկություններ «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների արդիականացման փորձ ունեցել են։

«ՏՈՐ-Մ2ԿՄ» ՀՕՊ համակարգերը՝ վարկով

2019-ի դեկտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար էր հրապարկել «ՏՈՐ-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համակարգերի ֆոնին և տեղեկացրել, որ Հայաստանի զինված ուժերը համալրվել են ռուսական արտադրության գերժամանակակից հակաօդային և հակահրթիռային պաշտպանության «ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերով, որոնք 2019 թվականի արտադրության է։ Թեև վարչապետը նշել էր, որ դրանց քանակը գաղտնի է, սակայն հրապարկված նկարից պարզ է, որ առնվազն 4 համակարգեր են ձեռք բերվել, որոնք մոնտաժված են «Կամազ» ավտոմոբիլային շասիի վրա։

«ՏՈՐ» համակարգերը նախատեսված են կարճ տարածությունների վրա ցանկացած տիպի օդային թիրախներ խոցելու համար, այդ թվում՝ անօդաչուներ, թևավոր հրթիռներ և այլն։ Օդային թիրախները կարող են հայտնաբերվել մինչև 32 կմ հեռավորության, խոցվել 1–15 կմ հեռավորության վրա և 10 մետրից մինչև 10 կմ բարձրության վրա։

Թե որքա՞ն է վճարել հայկական կողմը «ՏՈՐ» հակահրթիռային համակարգի համար՝ հայտնի չէ, դրանց շուկայական արժեքը կազմում է շուրջ 25 մլն դոլար։ Այդ թվի հաշվարկի հիմքում է ընկած Իրանին մատակարարված թվով 29 նման համակարգերի արժեքը՝ 700 մլն դոլար:

Ի տարբերություն «ՍՈՒ-30ՍՄ» ինքնաթիռների և «Օսա-ԱԿ» ՀՕՊ համալիրների, «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային համակարգերը, ըստ ՊՆ-ից ստացված գրության, ձեռք են բերվել ՌԴ-ի կողմից տրամադրված պետական արտահանման 100 մլն դոլար վարկի շրջանակում, այսինքն՝ համակարգերի համար վճարվել է Հայաստանին տրամադրված 100 միլիոն դոլար վարկից։

«ՏՈՐ» համակարգերը, հավանաբար, ընդամենը 4-ն են

Ըստ Ֆինանսների նախարարության՝ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» տրամադրած գրության՝ 2017-ին կնքված 100 մլն դոլարի վարկային միջոցներից առաջին (և միակ) օգտագործումները կատարվել են 2019 թ․ նոյեմբերին՝ 65,8 մլն ԱՄՆ դոլարի չափվ։

Հաշվի առնելով, որ «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային պաշտպանության համալիրները ձեռք են բերվել նշված վարկային միջոցներից, ստացվում է, որ հայկական կողմն այդ համակարգերից ձեռք է բերել ոչ ավել, քան թվով 4 հատ, քանի որ նշված գումարի (65,8 մլն դոլար) սահմաններում, նույնիսկ բոլոր զեղչերով հանդերձ, ավելի մեծ քանակ չէր կարող լինել:

Ընդ որում, նշված համակարգերի ձեռքբերման գինը էապես զիջում է 15 տարի առաջ Իրանի կողմից վճարված գնին: Եթե Իրանը ավելի հին՝ «ՏՈՐ-Մ1» համակարգերի միավորի համար վճարել էր մոտ 24-25 մլն ԱՄՆ դոլար, ապա Հայաստանը «ՏՈՐ-Մ2ԿՄ»՝ ավելի նոր համակարգերի միավորը ստացել է մոտ 16,5 մլն դոլարով։

Բացի վերը նշված ռազմական տեխնիկայից, ըստ վարչապետի, նախորդ տարի Զինված ուժերը համալրվել են նաև հրետանային միջոցներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով, որոնք, ամենայն հավանականությամբ, ևս ձեռք են բերվել միանգամից վճարով, քանի որ վարկային միջոցներից օգտագործված 65,8 մլն դոլարը հազիվ բավականացներ 4 հատ «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային պաշտպանության համալիրների գնման համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր