ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արսեն Թորոսյանը՝ Իրանից Հայաստան ուղևորահոսքի մասին
15:15, 21.02.2020 | mamul.am
16941 | 0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ,

Մենք հետևում ենք նոր կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում մեր հարևան Իրանում: Տեղյակ ենք նաև Իրանից դեպի մեր երկիր ուղևորահոսքի առանձնահատկություններին` ներառյալ մոտ ժամանակներս սպասվող Նովրուզը: Որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել: Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով:

Նաև խնդրում եմ սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել մեր հետևյալ խորհուրդներին.

✅ պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
✅ խուսափե´ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից,
✅ եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
✅ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
✅ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից,
✅ հագնվե´ք եղանակին համահունչ, պահպանե´ք հազալու և փռշտալու վարվելակարգը,
✅ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
✅ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
✅ հետևե´ք անձնական հիգիենային։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր