Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 29-ի N 1403-Ն որոշման մեջ և բարձրացնել ասպիրանտների կրթաթոշակները: Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, կառավարության խնդիրներից է կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների համար պահանջվող մասնագիտական ներուժի զարգացումը՝ կրթության և գիտության ոլորտների արդիականացման միջոցով: Ուստի՝ ֆինանսական միջոցներ են նախատեսվել նաև 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրում առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները բարձրացնելու համար: Փոփոխությունն ուղղված է մտավոր ներուժի զարգացմանը, հետազոտական գործունեության ու նորարության խթանմանը, երիտասարդ գիտնականների համար Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծելուն: Ըստ այդմ՝ առաջարկվում է հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը բարձրացնել 35 հազար դրամով. հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ ներկայիս 30 հազար դրամը դարձնելով 65 հազար, բնագիտական և այլ մասնագիտություններինը՝ 25 հազարից 60 հազար, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների դեպքում՝ 20 հազարից՝ 55 հազար և դոկտորանտներինը` 30 հազարից 65 հազար դրամ: Կրթաթոշակի բարձրացումը կնպաստի հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների հետազոտական, գիտական գործունեության ապահովմանը: |