ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում
23:05, 22.02.2020 | mamul.am
3636 | 0

Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը երկար դադարից հետո հնչեց Հայաստանում՝ արժանանալով բուռն ու անվերջ ծափահարությունների: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը փետրվարի 21-ին ներկայացրեց բացառիկ համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացված երեկոյին Բախի այս հանճարեղ գործը կատարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schüz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ:

Ամելունգը, ով առաջին անգամ էր մեր երկրում, խոստովանեց, որ շատ տպավորված էր նվագախմբի և երգչախմբի հետ աշխատանքից: Նա շեշտեց՝ ինքն է ընտրել ստեղծագործությունը անսամբլի հետ, և ցանկացել հենց այս գործը կատարել մեր երկրում: Ի դեպ, գործը երևանյան բեմում հնչեց օրիգինալ լեզվով՝ գերմաներենով: Գերմանացի դիրիժորն առանձնահատուկ շեշտեց, որ հայկական և գերմանական երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են՝ նման արդյունքի հասնելու համար: Նա առանձնահատուկ կարևորեց այն հանգամանքը, որ ելույթի ընթացքում արտիստները ոչ թե կանգնած էին յուրաքանչյուրն իր կոլեկտիվի կողքին, այլ սփռված էին ամբողջ բեմով՝ այդպիսով ստեղծելով յուրատեսակ միասնություն:

Հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց երկու ժամանոց գործի կատարումը: Մի քանի րոպե տևողությամբ հոտնկայս ու անվերջ ծափահարությունները համերգի հաջողված լինելու ապացույցն էին: Ի դեպ, համերգին ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Հավելենք, որ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Այն ինքնատիպ ելևէջներով ներկայացնում է Հիսուսի չարչարանքները, անդրադարձ է կատարում Աստվածաշնչյան դրվագներին: Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է: Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին:

Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր