Այսօր՝ փետրվարի 23-ին, արդեն 7-րդ անգամ, Երևանում տեղի կունենա Բուն Բարեկենդանի շքերթ-տոնախմբությունը. այս մասին հայտնում է Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժինը: ԱՀԹ-ի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Մասնակիցները դիմակներով, երգուպարով, դհոլ-զուռնայով, հեքիաթի հերոսների ուղեկցությամբ, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի ամեն խաչմերուկում տոնական շուրջպար բռնելով, կքայլեն դեպի Ազատության հրապարակ: Այստեղ սպասվում է մեծ տոնախմբություն, որն Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդները կազմակերպել են Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Սպասվում են՝ * թատերական ներկայացումներ Մեծ Պահքից առաջ ժամանակն է ուրախանալ, լիցքաթափվել և հայկական ջերմությամբ լիցքավորվել»: Բարեկենդանի տոնի մասին Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: |