ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Վիրուսը վաղ թե ուշ ներթափանցելու է նաև մեր երկիր. ի՞նչ է պահանջվում մեզնից կանխարգելման փուլում». Հովսեփ Խուրշուդյան
10:05, 24.02.2020 | mamul.am
38148 | 1

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի հիացած եմ, թե ինչքան շատ են ֆեյսբուքահայ քաջերը, որոնք մեղադրում են մեզ-«պանիկյորներիս» չեղած տեղը ահազանգ հնչեցնելու համար։ Թե բա ինչ-որ ստից վիրուսի պատճառով «մեր դարավոր բարեկամի» հետ ուզում եք հարաբերությունները փչացնել։ Բա ես էլ գիտեի, թե համաճարակի-երկիր ներթափանցելու դեմ կանխարգելիչ քայլերը-պատասխանատվության նշան են։ Պարզվում է- վախկոտության։ Բա ես էլ գիտեի, թե արագ տարածվող վիրուսները կարող են կենսաբանական զենքից ոչ պակաս ավերածություններ գործել։ Պարզվում է դա վերաբերում է միայն Չինաստանին, իսկ Հայաստանում կան ֆեյսբուքահայ քաջեր, որոնք հզոր ժանիքներով կհոշոտեն ցանկացած վիրուս մանրե առ մանրե։
Ինչևէ, լավ է, որ վերջապես փակվեց Իրանի հետ սահմանը։ Ֆեյսբուքահայ քաջերին թողնենք «Հայ քաջեր» երգի խրոխտ դղրդյունը, իսկ մենք վախկոտներով մտածենք հետագա քայլերի մասին։ Օրինակ այն, որ պետք է շտապ արգելել Հայաստանից դիմակապերի (թե՞ դիմակների) արտահանումը (եթե դեռ մնացել են) և հակառակը-փորձել դրսի շուկաներում ճարել և որքան էլ թանկ լինի-գնել և ներմուծել դրանց մեծ խմբաքանակներ։ Հատկապես խոսքը վերաբերում է Ն-95 դիմակապին (տես քոմենթներում): Շնորհակալություն Նարեկ Վերանյանիին խորհրդատվության համար։
Նաև պետք է մշակվեն սցենարներ վիրուսի ներթափանցման դեպքում պետական ինստիտուտների սինխրոն աշխատանքի տարբերակներով։ Անհրաժեշտ է հիմիկվանից կուտակել, եթե չկա-պատվիրել այս վիրուսի դեմ շատ թե քիչ արդյունավետ պայքարող դեղամիջոցներ, բնակարանների և հանրային տարածքների հականեխման նյութեր։ Հեռուստատեսությամբ համաճարակաբանները պետք է հիմիկվանից սկսեն խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին։ Կանխարգելման փուլում ցանկացած վիրուսի դեմ պայքարն ամենաարդյունավետն է։ Վիրուսը վաղ թե ուշ ներթափանցելու է նաև մեր երկիր։ Պետական ինստիտուտների համալիր, փոխհամաձայնեցված, ճշգրիտ և հստակ քայլերը վստահություն կներշնչեն քաղաքացիներին և թույլ կտան խուսափել խուճապից։ Եվ հակառակը-հախուռն, արձագանքային-պոստ-ֆակտում քայլերը հենց կբերեն պանիկայի։ Բոլոր նրանց, ովքեր «սփոփում են» մնացածին նրանով, որ վիրուսից մահացության մակարդակը «ընդամենը» 2-3 տոկոս է ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրի դեպքում դա կազմում է 60.000-90.000 մարդ։ Իսկ վիրուսի տարածումը դեռ պարզ չէ թե երբ և ինչպես է կանգնեցվելու։ Այնպես որ, կանխարգելման փուլում մեզնից պահանջվում է, ամեն ջանք գործադրել, որպեսզի այն երկիր ներթափանցի հնարավորինս ուշ, իսկ ներթափանցելու դեպքում տարածվի հնարավորինս դանդաղ։ Բուժումն էլ լինի առավելագույնս արդյունավետ։
Իսկ ֆեյսբուքաքաջերը դեռ հնարավորություն կունենան իրենց քաջությունը դրսևորել իրական կյանքում:
Առաջնահերթ պետք է լուծել անհրաժեշտ քանակությամբ դիմակապերի հարցը։ Գոնե համապատասխան բուժհաստատությունների անձնակազմի համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր