ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Հասկանալի է Նաիրա Զոհրաբյանի նյարդային արձագանքը». Հակոբ Կարապետյան
17:05, 24.02.2020 | mamul.am
6265 | 1

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասկանալի է Նաիրա Զոհրաբյանի նյարդային արձագանքը թափառող շների խնդրին. հեշտ է շունիկներին խոշտանգումից պաշտպանող հաճելի օրինագիծ ներկայացնել, բայց դժվար է կրել դրա քաղաքական պատասխանատվությունը, մանավանդ երբ հաճելի օրենքի կողմնակի հետևանքները՝ հանրային արձագանքի տեսքով, այնքան էլ հաճելի չեն:

Ամեն դեպքում, կարծում եմ, որ անչափ հարգելի տիկին Զոհրաբյանին վայել է հանրային խոսքում խուսափել իրականության հետ կոնֆլիկտի մեջ մտնող փաստերի գործածումից:

Մասնավորապես.
Ֆեյսբուքի իր էջում տիկին Զոհրաբյանը տարակուսում է, որ «իրենց ավագանիները» գնացել են Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն և ոչ մի կենդանի չեն տեսել: Իհարկե, չեն տեսել, և շատ լավ է, որովհետև ՀՈԱԿ-ը կենդանիների կացարան չէ, այլ վայր, որտեղ կենդանիներին ստերջացնում են, պատվաստում և անմիջապես բաց են թողնում: Եթե ՀՈԱԿ-ի այցելուները կեսօրից հետո տարածքում շատ շներ տեսնեն, դա նորմալ չի լինի, դա կնշանակի, որ հավաքված շները պատշաճ գործողությունների չեն ենթարկվում: Այս միտքը տիկին Զոհրաբյանը և նրա կուսակիցները կրկնում են նաև համապատասխան հեռուստաընկերության համապատասխան հաղորդման եթերում, նշելով նաև, թե ՀՈԱԿ-ի տնօրենը 850 հազար դրամ է ստանում: Իրականում, բաց աղբյուրներից կարող ենք տեղեկանալ, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենն ստանում է հարկերը հանած՝ 350 000 դրամ աշխատավարձ՝ ուղիղ 500 հազարով պակաս հարգարժան պատգամավորի նշածից: Գուցե շեյխերի ու մյուսների հետ ջերմ կապերի մեջ գտնվող պատգամավորների համար 500 հազարի տարբերությունը նկատելի չէ, բայց դա միջին վիճակագրական հայաստանցու համար ահռելի տարբերություն է, որը չի կարելի չնկատել:

Թափառող կենդանիների խնդիրը բարդ խնդիր է, և իսկապես, շների խոշտանգումները քրեականացնող օրենսդրական փոփոխությունը փոքր-ինչ ավելի է բարդացրել այն: Բայց դա երբեք չի կարող առիթ դառնալ՝ հրաժարվելու սկզբունքից, որ քաղաքում մարդկանց և կենդանիների համակեցությունը պետք է կարգավորել առանց դաժանության: Անցած տարվա ընթացքում ՀՈԱԿ-ը կիսադաշտային պայմաններում՝ ժամանակավոր կլինիկայում, մեծ գործ է արել՝ ստերջացնելով շուրջ 3000 կենդանի, այս տարվա նշաձողն ավելի բարձր է, բացի դրանից, մի քանի շաբաթ անց Կենտրոնի հիմնական կլինիկան պատրաստ կլինի, ինչն ավելի կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր