Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 502.97, EUR 543.86, RUB 6.56, GBP 618.25
+11 °C, +7 °C ... +12 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Փորձ ասվածը հարաբերական է». նախարար Ռուստամ Բադասյանը՝ դատավորի տարիքային ցենզի իջեցման մասին
13:10, 25.02.2020

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 25-ին խորհրդարանական ունկնդրումների ժամանակ ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում:

Ըստ նախագծի՝ փոխվել է էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի մոդելը: 8 հոգանոց հանձնաժողովում կլինեն 2 մասնագիտացված դատարանի դատավոր, 2-ը՝ 1-ին ատյանի քրեական և քաղաքացիական դատարաններից, 1-ական վերաքննիչ և վճռաբեկ դատարաններից և 2՝ հեղինակավոր իրավաբան-գիտնական: Հիմնական նորամուծությունը հանձնաժողովում քաղաքացիական հասարակությունից իրավաբան-գիտնական ընդգրկելու մոդելն է: Դա դրական է գնահատել Վենետիկի հանձնաժողովը:

Դատավորների գնահատման հանձնաժողովը կունենա 5 անդամ՝ 1-ական տարբեր ատյանների դատավորներ և 2 իրավաբան-գիտնական: Այն քննարկելու է դատական գործերի բաշխման, նիստերին դատավորների վարքագծի հարցերը: Եթե հայտնաբերվում է դիտավորությամբ արված խախտում, ապա հանձնաժողովը կարող է դիմել էթիկայի- կարգապահական հարցերի հաձնաժողով՝ վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:

Դատավորների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել: ԲԴԽ-ն հաշվի է առնելու դատավորի բարեվարքության մասին տրված եզրակացությունը: Այն տալիս է Կոռուպիայի կանխարգելման հանձնաժողովը:

Եթե դատավորը կուռուպցիայի հանձնաժողով գույքի և եկամուտների հայտարարգիր չի ներկայացրել, ապա միևնույն է, այդ հանձնաժողովին հասանելի է լինում որպես թեկնածու լրացրած հարցաթերթիկը, որով հայտնի է դառնում, թե նրա ներկայացրած գույքային դրությունը որքանով է համապատասխանում իրականությանը:

Մեկ այլ փոփոխությամբ էլ՝ դատավորների թեկնածուների տարիքային ցենզը 28-ից 25 է իջեցվում՝ ապահովելու համար համակարգը երիտասարդ կադրերով համալրումը: Դա ունկնդրումների մասնակիցներից մի քանիսի կողմից վերապահումով ընդունվեց: Նախարարը նկատեց, որ շեմի իջեցումը չի նշանակում, թե հենց 25 տարեկանում դատավոր են դառնում, դրա համար կպահանջվի համակարգում աշխատանքի որոշակի փորձը: Եվ երկրորդ. փորձ ասվածն էլ հարաբերական է: Մեկը կարող է 30 տարեկանում փաստացի ավելի փորձառու լինել, քան 35 տարեկանը: Բացի այդ, ավելի ավագների համար դատավոր աշխատանքը գրավիչ չէ, նրանք գերադասում են ավելի բարձր վարձատրությամբ մասնավոր աշխատանքը: Այս իմաստով Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը նկատեց, որ համակարգում դատավորների կադրային պակասի հարցը երիտասարդների համալրելով չի լուծվելու: Ավելի ճիշտ կլիներ դատավորի աշխատանքը դարձնել գրավիչ, որպեսզի մասնավոր սեկտորից դատավոր աշխատելու ցանկություն հայտնողներ լինեն: Ռ.Բադասյանը նկատեց, որ այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում են, դատավորների սոցիալական երաշխիքների մոտեցումներ սահմանելու համար:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր