Կորոնավիրուսի վերաբերյալ անհանգստությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում հանգեցրել է այսօր ֆոնդային ինդեքսների անկմանը: Օրվա արդյունքներով ԱՄՆ-ի բորսաների անկումը կազմել է 3,35-3,71%: Այս ֆոնին այսօր Ճապոնիայում, Չինաստանում և Ռուսաստանում առևտրային բորսաները բացվել են կարմիրով: Հանգստյան օրերի հիմնական թեմաներից մեկն էր Իտալիայում կորոնավիրուսի բռնկումը, որտեղ հաստատված վարակի դեպքերի թիվը հասել է 229-ի, մահացել է վեց մարդ: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նախազգուշացրել է, որ կա հավանականություն, որ վիրուսը «շատ ուժեղ» ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի շտապում Եվրոպայում և Ասիայում կորոնավիրուսի բռնկումը համաճարակ ճանաչել: Ինչպես նշում է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը, սա «համաճարակ է աշխարհի տարբեր մասերում»՝ «համավարակի ներուժով»: |