ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից կիրառվող սպառնալիքներին»․ Զ. Մնացականյանի ելույթը
22:15, 25.02.2020 | mamul.am
3229 | 0

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստին։

«Մեր բարեփոխումները տարածվում են բոլոր այն ոլորտների վրա, որոնք կոչված են ապահովելու ազնիվ և կայուն հաստատությունների կենսագործունեությունը և նպատակ ունեն պահպանելու ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և մարդու իրավունքները: Իրապես անկախ և անաչառ դատաիրավական համակարգի ձևավորումը մեր ներկա բարեփոխումների օրակարգի առանցքն է: Ապրիլի 5-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեն կոչված է ՀՀ քաղաքացիների անմիջական մասնակցությամբ դատաիրավական համակարգի բարեփոխումանը»,-ասել է նախարարը:

Ելույթի ընթացքում Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի վերափոխումը հիմնված է կանանց և երիտասարդության ուժեղ ներգրավվածության և ակտիվ քաղաքական մասնակցության վրա:

«Մենք մտադիր ենք Խորհրդի այս նիստի ներկայացնել «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևի նոր նախագիծ: Մենք ակնկալում ենք անդամ պետությունների և այլ շահառուների հետ բաց, ներառական և կառուցողական խորհրդակցություններ»,-նշել է նա:

Անդրադառնալով արցախյան հարցին ՀՀ արտգործ նախարարն ասել է. «Արցախի ժողովուրդը շարունակում է դիմակայել Ադրբեջանի կողմից ուժի և հարկադրանքի կիրառման սպառնալիքին: Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների հետևողական խոչընդոտումը, Արցախի ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունը, խտրականությունը և բացահայտ ագրեսիան հանդիսանում են հակամարտության սկզբնապատճառը: Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ քաղաքներում ու գյուղերում հայկական փոքրամասնության հանդեպ սանձազերծված ջարդերը, էթնիկ զտումները և բռնագաղթը, 1990-ականներին Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմն ու ագրեսիան, հային սպանելու համար դատապարտված մարդասպանների հերոսացումը վկայում են Ադրբեջանի հետևողական ագրեսիվ քաղաքականության մասին: Դրանք հանդիսանում են գոյապահպանական ֆիզիկական անվտանգության սպառնալիք Արցախի ժողովրդի համար: Այս սպառնալիքի մասին մեզ հիշեցվել է Լեռնային Ղարաբաղի դեմ 2016թ. ապրիլին վերսկսված ագրեսիայի փորձով:

Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգայնորեն ճանաչված մանդատի ձևաչափի շրջանակներում և Հայաստանն ընդգծում է Արցախի անվտանգության և կարգավիճակի գերակայությունը: Արցախի ժողովուրդն իրավունք ունի առանց որևէ սահմանափակման ազատորեն որոշելու իր քաղաքական կարգավիճակը, ազատորեն հետամուտ լինելու իր տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա է խաղաղ կարգավորման առանցքը: Հայաստանը նաև ընդգծում է ատելությունը և անհանդուրժողականությունը բացառելու և մարդկանց միջև շփումներ խթանելուն ուղղված լուրջ ջանքեր ներդնելու կարևորությունը: Հավասարապես, խստորեն բացառվում է ուժի սպառնալիքը: Հայաստանն ու Արցախը հանձնառու են աշխատելու 2019թ.-ին գրանցած համեստ արդյունքների վրա: Հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց համար մարդու իրավունքների լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ միջազգային հանրության համար: Մարդու իրավունքները և այդ իրավունքները իրացնողները չեն կարող դիտարկվել որպես խնդիր: Նրանք են լուծումը: Ցանկանում եմ մեջբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի երեկվա հզոր ուղերձը. «Մարդու իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր միջոց օգնում է նվազեցնել լարվածությունը, ապահովել կայուն զարգացում և պահպանել խաղաղություն»: Մարտի 31-ին Արցախի ժողովուրդը քվեարկելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններում՝ իրացնելով իր՝ ժողովրդավարական ձևով կյանքը կազմակերպելու լեգիտիմ իրավունքը: Պատերազմի, պաշարման և ագրեսիայի միջով անցած, ինչպես նաև մինչ օրս պատերազմի սպառնալիքի առերեսվող Արցախի ու Արցախի ժողովրդի հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանության համար ձևավորելու ամուր ժողովրդավարական հասարակություն և կառույցներ արժանի է լիակատար միջազգային աջակցության։ Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է հարգվեն, պաշտպանվեն և խթանվեն՝ առանց որևէ տարբերակման, ներառյալ «ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակի»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր