Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 502.97, EUR 543.86, RUB 6.56, GBP 618.25
+11 °C, +7 °C ... +12 °C Վաղը`+11 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Որևէ մեկն իշխանությանը արջի ծառայություն չմատուցի». Սուրեն Պապիկյան
12:30, 26.02.2020

«Եթե մեր քաղաքացին այլ բան կորոշի, մենք պիտի հաշվի նստենք այդ իրողության հետ: Եթե «Այո»-ի հաղթանակի համար անհրաժեշտ է 650 հազար քվե, ուրեմն՝ մեր քաղաքացիներին կոչ եմ անում, որ մասնակցեն հանրաքվեին: Մեր ակնկալիքն է, որ նրանք կողմ կքվեարկեն սահմանադրական փոփոխություններին». փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածքային կառավարման նախարար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը:

Ըստ նրա՝ «Այո»-ի քարոզչության ակտիվ փուլը կմեկնարկի մարտի 2-ից և կտևի մինչև ապրիլի 3-ը ներառյալ: Քարոզչությանը մասնակից գործադիր մարմնի ներկայացուցիչներն արձակուրդ կմեկնեն: Արձակուրդում կլինի նաև վարչապետ Ն. Փաշինյանը:

650 հազար քվե ապահովելու իրատեսության և հնարավորության վերաբերյալ նկատեց, թե մտադիր չեն այդ նպատակով կենաց-մահու կռիվ տալ, սա մի գործընթաց է, որտեղ քաղաքացուն է վերապահվել՝ որոշել, թե ինչպիսին է լինելու մեր երկրի ապագան: Դա քաղաքացու անօտարելի իրավունքն է:

«Եթե մեր քաղաքացին այլ բան կորոշի, մենք պիտի հաշվի նստենք այդ իրողության հետ»,- նշեց շտաբի ղեկավարը:

Ս.Պապիկյանն այն տեսակետը հայտնեց, որ «Ոչ»-ի քողարկված շտաբ իրականում կա: Բոյկոտի կոչը շատ ավելի վատն է, քան դուրս գալ և ասել, թե դեմ են այսինչ հիմնավորումներով:

«Բոյկոտի ջատագովները շատ ավելի մեծ վնաս են հասցնում մեր քաղաքացուն ու քաղաքացու գիտակցությանը:

Հարցին, թե ինքն ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ոմանք վարչական ռեսուրսներ ունենալու առումով իրեն համեմատում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, Ս.Պապիկյանը նկատեց. «Նախ՝ խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ, ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի պաշտոնից: Ավելին ասեմ. ի տարբերություն նշված անձի, ես ՔՊ կուսակցության վարչության նախագահն եմ: Դրանից զատ ես որևէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու կամ նմանատիպ բաների հետ»,- պնդեց բանախոսը:

Պաշտոնյաների կողմից քվեարկության ուղղորդման մասին. կարո՞ղ են բացառել, որ գոնե մարզպետների, համայքապետների մակարդակներով ուղղորդումներ չեն լինելու, հարց ուղղվեց Ս.Պապիկյանին: Շտաբի ղեկավարը հայտարարեց, որ վերահաստատում է վարչապետի խոսքը:

«Ասեմ ավելին՝ որևէ մեկը թող իշխանությանն արջի ծառայություն չմատուցի՝ կլինի գյուղապետ, քաղաքապետ, թե թաղային հեղինակություն: Մենք դրա կարիքը չունենք: ՀՀ քաղաքացուն ընձեռված հնարավորությունը և իրավունքը որևէ կերպ չեն կարող վերափոխվել պարտադրանքի: Իսկ բոլոր նրանք, ովքեր նման քայլի կդիմեն, կպատժվեն օրենքի առաջ բոլորը հավասար են սկզբունքով»,- պնդեց նախարարը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր