ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Կինոկենտրոնի տնօրենի ժ/պ-ն կայացրել է միանձնյա որոշում». Աննա Կոստանյան
10:20, 27.02.2020 | mamul.am
4440 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ նամակ եմ ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի մի քանի աշխատակիցներից, ովքեր բարձրաձայնում են, որ փետրվարի 21-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինության կողմից իրենց են ներկայացվել ծանուցագրեր, որով կառուցվածքային փոփոխություններ հիմնավորմամբ՝ աշխատակիցների մի մասին տեղեկացվել է հաստիքը լուծարելու պատճառով ս/թ ապրիլի 30-ից աշխատանքից դուրս մնալու մասին, մյուս մասին արվել է համագործակցությունը շարունակելու առաջարկ։ Աշխատակիցները հայտնում են մտահոգություն առ այն, որ աշխատանքի և համագործակցությունը շարունակելու առաջարկ չի արվել այն մարդկանց, ովքեր ոլորտին հատուկ մասնագիտական կրթություն ունեն, նաև բարձր որակավորում ու տարիների փորձառություն։ Սա հարցի մյուս կողմն է։ Հիմա ամենակարևորը․ այս քայլի հապճեպությունը մտածելու տեղիք է տալիս` ինչո՞վ է պայմանավորված այս կառուցվածքային փոփոխությունների հրատապությունը, հատկապես, երբ Ազգային կինոկենտրոնը հրաշալի տեղյակ է, որ Ազգային ժողովը, իմ նախաձեռնությամբ, այս պահին արդեն իսկ զբաղվում է Կինոյի մասին օրենսդրական նախաձեռնությամբ, որն այս պահին վերջնականացման փուլում է և ընդամենն օրերի հարց է նախագիծը շրջանառության մեջ դնելը։ Նշեմ, որ այս նախագիծը նախատեսում է նաև կինոյի պետական կառավարման ազգային մարմնի նոր կառուցվածք։ Ուշադրության պետք է արժանացնել նաև այն հանգամանքը, որ ծանուցագրերը տրվել են առանց հիմնարկի կառուցվածքային փոփոխությունները վկայող փաստաթղթի՝ աշխատակիցներին զրկելով դրան հանգամանալից ծանոթանալու, փոփոխությունների անցկացման անհրաժեշտության տրամաբանությունը հասկանալու, հիմնավորումն ըմբռնելու հնարավորությունից, և միայն ծանուցումից 3 օր անց աշխատակիցներին տրամադրվել է հաստիքացուցակ, որը բովանդակային միանգամայն այլ բնույթի փաստաթուղթ է, ընդ որում, այս հաստիքացուցակը, որն ուժի մեջ է մտնելու 2020-ի մայիսի 1-ից, չի պարունակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հաստատման ամսաթիվը, ինչը վիճարկելի է դարձնում ժամկետից շուտ 21.02.2020թ․ աշխատողներին տրված ծանուցագրերի օրինականությունը, կազմվել է Ազգային կինոկենտրոնի գլխավոր հաշվապահի կողմից, ով, ըստ էության, չունի դրա իրավասությունը։ Առանց մրցույթի և առանց ատեստավորման մի շարք աշխատակիցների ծանուցումով առաջարկվել են նոր հաստիքներ։ Չկա նաև նոր կառուցվածքի վերաբերյալ քննարկման արձանագրություն կինոկենտրոնի աշխատակիցների հետ, ինչը նշանակում է, որ կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով, ի դեպ, 2017-ից է ժ/պ-ի կարգավիճակում, կայացրել է միանձնյա որոշում։
Պաշտոնական նամակներով դիմելու եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու այս փոփոխությունների իրավաչափությունը, Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հասկանանք, թե արդյոք նոր Հայաստանում նմանօրինակ ձևով են արդյոք շարունակելու իրականացվել այսպես կոչված փոփոխությունները, և վերջապես Հայաստանի ազգային կինոկենտրոնի ժամանակավոր պաշտոնակատարին՝ պարզելու իր քայլերի տրամաբանությունն ու հապճեպությունը։ Վստահ եմ` այնտեղ տեղյակ են ՀՀ Կինեմատոգրաֆիայի կամ Կինոյի մասին օրենքի նոր նախագծում նախատեսվող ազգային կինոյի պետական նոր մարմնի կազմավորման մասին։
Եթե պետական գերատեսչությանը ենթակա կառույցն այսօր լրջորեն չի վերաբերվում երկրի օրենսդիր մարմնին, ապա ես ցավում եմ, որ ակնկալվող փոփոխություններն այս ուղղությամբ են շարունակում ընթանալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր