ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Տպավորություն է, թե դատախազությունը ոչ թե պետական, այլ «Ֆրեզեն» ընկերության շահն է պաշտպանում». Դավիթ Սանասարյան
14:10, 27.02.2020 | mamul.am
5095 | 0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ տեղի ունեցավ լիազորությունները կասեցրած ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով հերթական նիստը: Դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը: Ընթերցվեցին հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման նպատակով գնման գործընթացին առնչվող փաստաթղթեր, նամակագրություններ, արձանագրություններ, մատակարարվող սարքերի վերաբերյալ տեխնիկական պարամետրեր: Դրանք ներկայացրեց մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը: Նշվեց, որ անհրաժեշտ սարքավորումներ ձեռբերելու գնման գործընթացում տեխնիկական պարամետրեր են փոխվել: Արդյունքում հաղթող է ճանաչվել «Զորաշեն» ընկերությունը: Դրան արձագանքեց Դ. Սանասարյանը:

«Տպավորություն է, թե դատախազությունը ոչ թե պետական շահն է պաշտպանում, այլ «Ֆրեզեն» ընկերության շահը: «Պետական գնումների մասին» օրենքն ասում է, որ չպետք է այնպիսի չափորոշիչներ ներկայացնել, որոնք թույլ չեն տա իրականացնել օրենքի պահանջները: Կոնկրետ այս պարագայում պետությունն այդ կազմակերպությանը տվել է մենաշնորհ, այդ կազմակերպությունը սարք է պետությանը «նվեր տվել»: Արդյունքում այդ կազմակերպությունը պայմանավորվել է պետության հետ, և տարիներ շարունակ առանց «Պետական գնումների մասին» օրենքի պահանջները կատարելու այնպիսի տեխնիկական պահանջներ են ներկայացվել, որ այլ ընկերությունները չեն կարողացել մասնակցել գնումների գործընթացին: Իմ տպավորությամբ՝ ոչ թե դատախազն է այստեղ, այլ «Ֆրեզեն» ընկերության ներկայացուցիչը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեմոդիալիզի սարքավորումներ ներկրող ընկերություններից «Ֆրեզեն» ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանն ահազանգել էր, թե պետական մակարդակով իրենից բիզնես են խլում։ Դ. Սանասարյանն էլ իր հերթին պնդել էր, որ «Ֆրեզենն» է տարիներ շարունակ մասնակցել և շահել մրցույթներում, ընդ որում՝ այնպիսի պայմաններով, որ միակ հաղթողը հենց այս ընկերությունը ճանաչվի։

3 հատոր ապացույցներ ներկայացնելուց հետո նիստն ընդմիջվեց:Հաջորդ դատական նիստի օր ու ժամ նշանակվեց մարտի 11-ի ժամը 10.30-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր