Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 496.58, EUR 539.43, RUB 6.56, GBP 612.23
+11 °C, 0 °C ... +12 °C Վաղը`+15 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ադրբեջանի հետ լարվածությունն ավելի է մտերմացնում Հայաստանին ու Վրաստանին». Արման Բաբաջանյան
01:15, 28.02.2020

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշտոնական այցով Երևանում է գտնվում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա, ի դեպ, ժամանակին զբաղեցնելով Վրաստանի վարչապետի պաշտոնը, այդ կարգավիճակում արդեն եղել է Հայաստանում։ Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո տարածաշրջանային երկրներից Ղարիբաշվիլին առաջինը ժամանել է Հայաստան, ինչն ունի մի կողմից՝ խորհրդանշական, մյուս կողմից՝ քաղաքական նշանակություն։
Հայ-վրացական երկկողմ ռազմական հարաբերություններն, իսկապես, գտնվում են բարձր մակարդակի վրա, և տարեցտարի այդ հարաբերություններում արձանագրվում է կայուն դինամիկա։ Դա՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրները գտնվում են միանգամայն տարբեր, իսկ իրականում՝ հակամետ ռազմաքաղաքական բլոկներում. Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, իսկ Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին։ Հայ-վրացական ռազմական հարաբերությունները, սակայն, զարգանում են՝ ի հեճուկս այդ հակադրության, քանի որ մեր երկրները տարածաշրջանում ոչ միայն ուղղակի բարեկամ, այլ նաև օբյեկտիվորեն դաշնակից պետություններ են։
Այդ դաշնակցության հիմքում ընկած են տարածաշրջանային մարտահրավերները, որոնք Հայաստանին ու Վրաստանին կանգնեցնում են դրանք միասնաբար հաղթահարելու մարտահրավերի առաջ։ Այդ մարտահրավերներն առաջին հերթին վերաբերում են տարածաշրջանում Ռուսաստանի ու Թուրքիայի միջև պարբերաբար արձանագրվող առճակատումներին, որի հերթական փուլի ականատեսն ենք այս օրերին՝ կապված սիրիական Իդլիբում երկու երկրների հակադրության հետ։

Որպես կանոն՝ թուրք-ռուսական հակադրություններն այլ տարածաշրջաններում տարբեր դրսևորումներով իրենց արտահայտությունն են գտնում Հարավային Կովկասում, ինչը Հայաստանին և Վրաստանին ստիպում է լինել մշտապես զգոն և պատրաստ իրադարձությունների ցանկացած զարգացման։ Նաև այս իրողությունը մեր երկու երկրներին դարձնում է բնական դաշնակիցներ այս տարածաշրջանում։ Իսկ տարածաշրջանային զարգացումների վերջին շրջանի համատեքստը վկայում է հայ-վրացական ռազմական հարաբերությունների սերտացման ավելի մեծ պոտենցիալի մասին։ Խոսքը վերաբերում է վերջին շրջանում Ադրբեջանի ու Վրաստանի միջև մի շարք հարցերում նկատվող լարվածությանը, ինչն օբյեկտիվորեն Վրաստանին ավելի է մոտեցնում Հայաստանին։ Այս իրադարձությունների միջև կորելացիան, իհարկե, ուղիղ չէ, սակայն ներկայումս այդ առումով Հայաստանի համար ստեղծվել են լավ հնարավորություններ։ Վերը նշված բոլոր գործոնները Վրաստանի պաշտպանության նախարարի Երևան կատարած այցին առանձնակի կարևորություն են հաղորդում։
Նշեմ, որ այսօրվա հանդիպման արդյունքներով Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վրացի գործընկերոջ հետ ստորագրել է երկու երկրների միջև 2020 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը։ Դա մեր երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցության ճանապարհային քարտեզն է, որը ստորագրվում է ամեն տարի։ Հետաքրքիր էր նաև, որ Դավիթ Տոնոյանի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում Իրակլի Ղարիբաշվիլին հայ-վրացական ռազմական համագործակցության ձեռքբերումների թվում նշեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանի զինծառայողները մասնակցելու են այս տարի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի «Nobel Partner» բազմազգ զորավարժություններին։

Հայ-վրացական հարաբերություններն ընդհանրապես, երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը՝ մասնավորապես, կենսական անվտանգային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար։ Դրանց դինամիկ զարգացումը բխում է մեր երկրների ռազմավարական շահերից և հանդիսանում է տարածաշրջանի կայունության կարևոր երաշխիքներից մեկը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր