ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԲԴԽ-ն ազա՞տ է գործում, կաշկանդվածություն չունի՞. ԲԴԽ անդամի մեկնաբանությունը
00:30, 28.02.2020 | mamul.am
3462 | 0

«Ես՝ որպես ԲԴԽ անդամ, սկզբունք եմ որդեգրել, և Խորհուրդն էլ այդ սկզբունքը որդեգրել է, որ մենք ՍԴ-ի հետ կապված որևէ կարծիք չենք հայտնում և վերաբերմունք չենք դրսևորելու, որովհետև մենք առանձին սահմանադրական մարմիններ ենք և չենք ուզում այդ վեճի մեջ խառնվել»,- 168 TV-ի եթերում ասել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

Հարցին, թե արդյոք ԲԴԽ-ն ողջ ծավալով իրականացնո՞ւմ է իր գործունեությունը՝ վերահսկողական, դատական համակարգի պաշտպանության առումով ու օրենքով իրեն վերապահված այլ գործառույթների ու իրավասությունների համակցությամբ, Բեքմեզյանը պատասխանել է․ «ԲԴԽ-ն բավական նոր մարմին է, և լիազորությունները, որոնք նախանշված են Սահմանադրությամբ և նաև Դատական օրենսգրքով, ԲԴԽ-ին տալիս են մի շարք լիազորություններ, որոնք ուղղված են դատական իշխանության անկախության ապահովմանը: Իրականում, որպեսզի ԲԴԽ-ն ամբողջությամբ իրականացնի հանրության այն հույսերը, որոնք դրված են Խորհրդի վրա, այսինքն՝ ամբողջությամբ ապահովի դատական իշխանության անկախությունը, ապահովի, որպեսզի դատական իշխանությունը գործի արդյունավետ և օբյեկտիվ, իմ կարծիքով, ԲԴԽ լիազորություններն այդքան էլ շատ չեն»։

Նրա խոսքով` խորհուրդը չի կարող ինքնուրույն վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ. «Սա չի նշանակում՝ սխալ է, որ ԲԴԽ-ն չի կարող վարույթ հարուցել: Ես սա շեշտում եմ նրա համար, որ շատ հաճախ սուբյեկտները՝ քաղաքացիները, տարօրինակ է, բայց նաև իրավաբանները, դիմում են ԲԴԽ-ին՝ անմիջապես դատավորների վերաբերյալ բողոքներով: Այս բողոքներին մենք չենք կարող ընթացք տալ, որովհետև մենք այդ իրավասությունը չունենք»,- ասել է նա:

Հարցին, թե արդյոք ԲԴԽ-ն ազա՞տ է գործում, անկաշկանդ ու անկախ, նա նշել է․ «Բացարձակ անկախ ենք: Միակ ճնշումը, որ զգում ենք, հանրության ճնշումն է, որ մեր նկատմամբ կա և դա դրական ճնշում է: Պարտադիր պետք է այդ ճնշումը լինի, և ես հույս ունեմ, որ չի էլ դադարի»:

Բեքմեզյանն, անդրադառնալով վարչապետի՝ դատարանները շրջափակելու կոչին, ասել է որ գործողությունը իրավաչափ է եղել և այնտեղ որևէ ճնշում դատարանների նկատմամբ չի տեսել։

Բեքմեզյանը եթերի ընթացքում չցանկացավ գնահատական տալ վարչապետի՝ ասֆալտին ծեփելու, պատերին փռելու, «շնաբարո դուրսպրծուկներ», «վնգստացող դատավորներ» բովանդակությամբ խոսքերին:

Մանրամասները` տեսանյութում:

ԲԴԽ-ն ազա՞տ է գործում, կաշկանդվածություն չունի՞. ԲԴԽ անդամի մեկնաբանությունը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր