Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանին Քրեակատարողական վարչությունը վերջապես փակ ռեժիմից տեղափոխելու որոշում էր կայացրել, և այդ որոշումը դեկտեմբերի 5-ին հանձնել են նրան: Սակայն դատախազությունը ծանր է տարել դրական այս տեղաշարժն արդարադատության ոլորտում և կասեցրել է որոշումը, կասեցրել է զուտ իր պատժողական քաղաքականությունն ամուր պահելու դիրքերից: Ավելին ասեմ` կասեցման մասին Արթուր Մկրտչյանին չեն հայտնել մինչև այս պահը, գրավոր պատասխան մերժման մասին չեն տվել՝ զրկելով նրան բողոքարկման իրավունքից: Ցմահ դատապարտյալը մինչև այս պահն սպասում է տեղափոխմանը: Սա դատախազության հոգեբանական խոշտանգման մեթոդներից մեկն է: Չեմ հասկանում մի բան` ինչո՞ւ է Արդարադատության նախարարությունը հանդուրժում դատախազության ապօրինությունները, ինչո՞ւ տեր չի կանգնում իր որոշումներին»: |