ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում
09:05, 29.02.2020 | mamul.am
3111 | 0

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 1-5-ն Իսրայելում կմասնակցի Wandering Music Stars փառատոնին‚ որի շրջանակներում կանցկացվի նաև սաքսոֆոնահարների և կլարնետահարների միջազգային մրցույթ։

Փառատոնի բացման համերգը կկայանա մարտի 1-ին Երուսաղեմում։ Ելույթ կունենան Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը և կլարնետահար Շիրլեյ Բրիլը։ Համերգը կղեկավարի դրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կունենա չորս համերգ՝ մեկը՝ Երուսաղեմում (մարտի 2-ին) և երեքը՝ Թել Ավիվում (մարտի 3-ին‚ 4-ին և 5-ին)։ Նվագախմբի հետ ելույթ կունենան անվանի ջութակահարներ Մաքսիմ Վենգերովը‚ Դանիել Լոզակովիչը‚ թավջութակահար Ալեքսանդր Կնյազևը։ Համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Դմիտրի Յաբլոնսկին‚ ով նաև փառատոնի գեղարվեստական ղեկավարն է։

Փառատոնային համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Հայդնի, Բեթհովենի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Նվագախումբը Թել Ավիվում կհնչեցնի նաև անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար։ Նշենք‚ որ այս տարի նշվում է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանը‚ և Իրսայելում մեծ կոմպոզիտորի ստեղծագործության կատարումը հարգանքի տուրք է նրա հիշատակին։

Wandering Music Stars փառատոնի կազմակերպիչներից է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Նվագախումբն Իսրայել է մեկնում ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր